Fitch-ը Թուրքիայի վարկանիշը «ВВ-»-ից իջեցրել է «В+»-ի, կանխատեսումը բացասական է
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի (արտարժույթով) երկարաժամկետ վարկանիշը (ԷԴՎ) «ВВ-»-ից իջեցրել է «В+»-ի, ըստ վարկանիշի՝ կանխատեսումը բացասական է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գործակալության հաղորդագրությանը։
Թուրքիայի վարկանիշը ցուցադրում է քաղաքականության թույլ հուսալիությունն ու կանխատեսելիությունը, բարձր գնաճը, ցածր ներքին լիկվիդայնությունը՝ արտաքին ֆինանսավորման եւ դոլարացման բարձր պահանջարկի համեմատ, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերը։
Fitchչ-ը չի ակնկալում, որ իշխանությունների՝ գնաճի իջեցմանն ուղղված միջոցառումները, այդ թվում արժույթով պաշտպանված դեպոզիտներն ու վարկավորման թիրախային միջոցները, կարող են կայուն կերպով նվազեցնել մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ռիսկերը։
Գործակալությունը կանխատեսում է, որ գնաճը տարեվերջին կհասնի 38 տոկոսի եւ կկազմի միջինը 41 տոկոս 2022թ. եւ 28 տոկոս՝ 2023թ., ինչը երկրորդ ամենամեծ ցուցանիշն է Fitch-ի կողմից վարկանշվող ինքնիշխան բոլոր երկրների շարքում։
Նոյեմբերի 23-ին թուրքական լիրայի 18 տոկոսանոց անկումը առավելագույնն էր վերջին 20 տարում։ Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 20-ին հասավ ռեկորդայինի՝ 18,4 լիրայի, այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին 7,4 լիրա էր։ Բայց Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ լիրայի փոխարժեքի անկայունությանը դիմակայելու միջոցների մասին հայտարարություններից հետո դեկտեմբերի վերջին լիրայի փոխարժեքը կտրուկ բարձրացավ։
Երկուշաբթի լիրան շարունակում է արժեզրկվել, մեկ դոլարը փոխանակվում է 13,5161 լիրայով՝ նախորդ օրվա 13,5312-ի փոխարեն։