Պեկին-2022․ Հայաստանի պարային զույգը 18-րդն է
Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։
Ազատ ծրագրում Հայաստանի պարային զույգը վաստակեց 167.03 միավոր: Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` երկու մրցումային օրվա արդյունքում վաստակելով 226.98 միավոր, որը համաշխարհային ռեկորդ է: Նախորդ ռեկորդը եւս պատկանում էր նրանց՝ 226.61, որը սահմանել էին Nebelhorn Trophy 2019 մրցաշարում:
Արծաթե մեդալները նվաճեցին ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան ու Նիկիտա Կացալապովը, բրոնզե մեդալները՝ ամերիկացիներ Մեդիսոն Հաբելն ու Զաքարի Դոնոհյուն։
Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք էր ստացել 20 զույգ։
16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքի օլիմպիական մրցաշարում:
Թինա Կարապետյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 13-ին Կանադայում, Մարալ Դերմեգուրդիչյանի եւ Ջոն Գարապեդյանի ընտանիքում:
Գեղասահքով սկսել է զբաղվել 3 տարեկանից: Կանադայի Կվաբեկ նահանգի «Լավալ» ակումբի սան է: Մինչեւ 14 տարեկան հանդես է եկել մենասահքում, ապա ուժերը փորձել է սինքրոն չմշկասահքում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է պարեր սառույցի վրա: 2012 թվականին պարային զույգ է կազմել Ալեքսանդր Լալիբերտեի հետ: 2014 թվականին Կանադայի առաջնությունում զույգը զբաղեցրել է 9-րդ տեղը:
2015 թվականին Հայաստան այցելությունից հետո, անձնական մարզիչի որոշմամբ, Թինա Կարապետյանը-Ալեքսանդր Լալիբերտե զույգը ներկայացրել է Հայաստանը: Մրցաշրջանում հաջող հանդես գալուց հետո պարային զույգը արդեն պաշտոնապես որպես Հայաստանի ներկայացուցիչ 2015 թվականին Տալինում մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը եւ զբաղեցրել 16-րդ տեղն ընդհանուր հաշվարկում:
2015 թվականի մայիսից Թինա Կարապետյանը հանդես է գալիս իր նույն ակումբի պարող Սիմոն Պրուքս Սենեկալի հետ:
Սիմոն Սենեկալը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին Կանադայում: Փոքր տարիքում կանադացի մարզիկը զբացվել է հոկեյով: 8 տարեկանից տեղափոխվել է գեղասահք:
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում ընդգրկված «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարի բրոնզե մեդալակիր է, Bavarian open միջազգային մրցաշարի դարձավ արծաթե մեդալակիր:
Որպես պաշտոնապես Հայաստանի ներկայացուցիչ պարային զույգ 2016 թվականին մասնակցել է Սլովակիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրել 18-րդ տեղը:
Նյու Յորքում կայացած Lake Placid Ice Dance Championships մրցաշարում բրոնզե մեդալ նվաճելուց հետո, զույգն անհաջող հանդես եկավ նույն թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում՝ չհաղթահարելով կարճ ծրագիրը:
2017 թվականից Հայաստանի պարային զույգը սկսեց պայքարը Փհենչան-2018 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ Nebelhorn Trophy 2017, որն անցկացվեց Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում, Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգն անհաջող հանդես եկավ՝ գրավելով 8-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր, որին այս մրցաշարում արժանանում էին 1-6-րդ տեղ գրաված գեղասահորդները:
2018 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ձախողված մրցելույթներից հետո Թինա Կարապետյանը հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս Սիմոն Սենեկալին եւ փնտրում է նոր զույգ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու համար:
2020-ին պարային զույգը վերամիավորվեց եւ սկսեց պայքարը 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
2021 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի միակ պարային զույգը գեղասահքում նվաճեց Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում վաստակեցին 173.03 միավոր և գրավեցին չորրորդ տեղը:
Կարճ ծրագրից հետո Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երրորդն էին, իսկ ռիթմիկ պարերում գրանցեցին չորրորդ արդյունքը: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին 1-4-րդ տեղ գրաված զույգերը: