Պենտագոնը մտահոգություն է հայտնել Սև ծովում Ռուսաստանի զորավարժությունների կապակցությամբ
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սև ծովում ռուսական զորավարժությունները, իբր, կարող են սպառնալ Ուկրաինայի ինքնիշխանությանը։ Կիրակի օրը MSNBC-ին տված հարցազրույցում Քիրբին իր պնդումները հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել:
«Մենք պետք է դա դիտարկենք այն համատեքստում, ինչ տեղի է ունենում (Ուկրաինայի շուրջ), որը կարող է սպառնալ Ուկրաինայի ինքնիշխանությանը».-պնդել է նա՝ հավելելով, որ «nույնը վերաբերում է Բելառուսում տանկային զորավարժություններին: Դա մեզ անհանգստացնում է»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ զինված ուժերի նավատորմում հիշեցրել էին, որ 2022 թվականի պատրաստման պլանի համաձայն, հունվար-փետրվար ամիսներին ռազմածովային զորավարժություններ են անցկացվում ՌԾՈւ-ի պատասխանատվության բոլոր ոլորտներում՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովի գլխավորությամբ:
Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ մշակել նավատորմի և օդատիեզերական ուժերի գործողությունները Համաշխարհային օվկիանոսում Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու, ինչպես նաև ծովային և օվկիանոսային ուղղություններից Ռուսաստանի ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար:
Վերջին շրջանում արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հաճախ են հայտարարություններ հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել և ընդգծել, որ Մոսկվան ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։
Միաժամանակ չի բացառել. նման հայտարարություններն արդարացնելու համար, սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։