Պեկին-2022․ Գեղասահքի Ռուսաստանի թիմին սպառնում է որակազրկում դոպինգի պատճառով
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի թիմային չեմպիոնի կոչումը նվաճած Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչներից մեկը կասկածվում է դոպինգ օգտագործելու մեջ, հաղորդում է insidethegames.biz-ը, որը հայտնի է Միջազգային օլիմպիական կոմիտեից, միջազգային ֆեդերացիաներից եւ հակադոպինգային գործակալություններից հավաստի, հետագայում հաստատվող տեղեկությունների արտահոսքով։ Դոպինգ թեստը արվել է Խաղերի մեկնարկից առաջ։
Թիմային մրցաշարի արդյունքները կարող են վերանայվել, Ռուսաստանի հավաքականը որակազրկվել։ Այս մրցաձեւի պարգեւատրության արարողությունը դեռ չի անցկացվել, թեեւ նախատեսված էր փետրվարի 8-ին։
Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Մարկ Ադամսը հայտարարել է, որ պարգեւատրման արարողության հետաձգման պատճառը մարզաձեւի միջազգային ֆեդերացիայից իրավաբանական խորհրդատվություն ստանալու անհրաժեշտությունն է։
Ռուսաստանի գեղասահորդներից Կամիլա Վալիեւան, Մարկ Կոնդրատյուկը եւ սպորտային զույգ Անաստասիա Միշինան ու Ալեքսանդր Գալյամովը փետրվարի 9-ին բաց են թողել պաշտոնական մարզումը։
Հիշեցնենք, որ թիմային մրցաշարում փոխչեմպիոն է դարձել ԱՄՆ-ի հավաքականը, բրոնզե մեդալները նվաճել են ճապոնացիները։