Դմիտրի Մեդվեդեւ. Ղազախստանում փորձ է արվել կյանքի կոչել գունավոր հեղափոխության ստանդարտ սցենարը
Ղազախստանում փորձ է արվել կյանքի կոչել գունավոր հեղափոխության ստանդարտ սցենարը, որը կիրառվել է Ուկրաինայում, եւ դա չի կարող չմտահոգել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Ակնհայտ է, որ Ղազախստանում փորձ է արվել կյանքի կոչել գունավոր հեղափոխության այնպիսի ստանդարտ սցենար, որը կիրառվել է այլ երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում եւ այլ վայրերում։ Եվ դա, իհարկե, չի կարող չմտահոգել»,- ասել է Մեդվեդեւը։
«Հասկանալի է, որ սա կրկնօրինակում է, եւ այս ամենը նախապատրաստվել է, այդ թվում՝ արտաքին խաղացողների կողմից, որոնք հետեւել եւ սպասել են, որ, այսպես ասած, իշխանությունն իրենց ոտքերի տակ կհայտնվի»,- հավելել է Մեդվեդեւը։
Մեդվեդեւը նշել է, որ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը միանգամայն ճշգրիտ գնահատական է տվել երկրում տեղի ունեցող իրադարձություններին. իրականում դա ահաբեկիչների կողմից իշխանությունը զավթելու փորձ էր։
Նա ընդգծել է, որ կատարվածի գնահատականը պետք է տան Ղազախստանի իշխանությունները, քանի որ այն ինքնիշխան երկիր է։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում նման իրադարձությունների նախադրյալներ չկան, ռուսաստանցիների մեծ մասը կիսում է նախագահի քաղաքական կուրսը, Ռուսաստանի Դաշնությունը արդյունավետ պետություն է, որն ունակ է պատասխանել ահաբեկչական գործունեության ցանկացած դրսեւորման։