ԱՄՆ-ը վստահ է, որ Գերմանիան թույլ չի տա «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում
ԱՄՆ-ը վստահ է, որ Գերմանիայի իշխանությունները թույլտվություն չեն տրամադրի ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկման համար, եթե Մոսկվան ներխուժի Ուկրաինա, ասել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«Եթե Ռուսաստանն այսպես թե այնպես ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի»,- ասել է Նուլանդը՝ ելույթ ունենալով Պետդեպարտամենտի մամուլի ասուլիսին։ «Կարծում եմ, որ այսօր Բեռլինում արված հայտարարությունները շատ, շատ նշանակալից են»։
Հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն այդքան վստահ դրանում, Նուլանդն ասել է, որ գազատարը դեռ պետք է փորձարկվի կամ վավերացվի գերմանական կարգավորիչների կողմից: «Մենք կաշխատենք Գերմանիայի հետ՝ ապահովելու, որ գազամուղը չի գործարկվելու», - ասել է Նուլանդը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը Բունդեսթագում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Գերմանիայի կառավարությունը, արեւմտյան դաշնակիցների հետ միասին, «աշխատում է պատժամիջոցների հզոր փաթեթի վրա», որը կներառի նաեւ «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվան ներխուժի Ուկրաինա:
Նուլանդը նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները խնդրել են Չինաստանին խոչընդոտել Մոսկվային, որը տասնյակ հազարավոր զորքեր է կուտակել Ուկրաինայի սահմաններին: «Մենք Պեկինին կոչ ենք անում օգտագործել իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ դիվանագիտության կոչ անելու համար, քանի որ եթե Ուկրաինայում հակամարտություն լինի, դա օգուտ չի բերի հենց Չինաստանին»,- ասել է Նուլանդը։