Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակի խորհրդարանի հետ գործ ունենք։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանական ուժը ներկայացնող խմբակցությանը, որի ներկայացուցիչներից շատերը նորից ի ցույց դրեցին իրենց ցինիզմն ու «մակարդակը»:
Ավելի ստույգ՝ վերջինիս բացակայությունը։ Եղան նաև հրահրումների փորձեր, որոնց նպատակն էր ընդհարումներ ու բախումներ ստեղծել խորհրդարանում, ու արդեն շոուն ապահովված կլիներ։ Հասկանալի է՝ բովանդակային ասելիք չկա, մյուս կողմից՝ հասկանում են, որ «փողոցային» մակարդակի, մանիպուլ յացիաների, բամբասանքի գծով իրենք անգերազանցելի են, դրա համար էլ «քայլողներն» այսպիսի գործելակերպ են որդեգրել ու աշխատում են այս դաշտ ներքաշել նաև ընդդիմությանը։ Բանական ցանկացած մարդ կհաստատի, որ նման պահվածքը անամոթության գագաթնակետն է, քանի որ արժանապատվություն ունեցողները խայտառակ կապիտուլ յացիայից հետո կամաչեին անգամ գլուխները բարձրացնել ու ամեն անգամ ներողություն կխնդրեին հայ ժողովրդին զրկանքների ենթարկելու համար։ Բայց դե, մենք խոսում ենք այլ մարդու ու այլ «թիմի» մասին:
Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ «քայլողների» խմբակցությունում, առավել ևս՝ կառավարությունում նույնիսկ զուգարան չեն գնում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության: Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը մեկ անգամ ևս հաստատեց նշյալը, ընդ որում՝ ոչ միայն Փաշինյանի՝ էկոնոմիկայի նախարարի հետ կապված հայտարարության առումով, այլև հենց իր՝ նշյալ «թիմի» շեֆի պահվածքի: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլն ու մնացած բոլոր «նիկոլները»:
Նրանք իրենց անզուսպ պահվածքով ու շինծու վստահությամբ փաստացի ասում են՝ «ինչ անում ենք, լավ ենք անում», կամ՝ «ինչպես կուզենք, այնպես էլ կվարվենք»։ Դե, համարյա նույն տրամաբանությամբ, որ ժամանակին Փաշինյանն ասում էր՝ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Հետևանքները տեսանք: Ու հիմա չափազանց անհանգստացնող է, երբ իշխանության ղեկին հայտնվածները նորից նույն ոճին են անցել: Մի խոսքով, ստացվում է, որ իրենց համար ժողովուրդը, ինչպես ասում են, «եղած, չեղած՝ մի հաշիվ է», կարևորն իրենց նպատակներն են, պաշտոններն ու ցանկությունները, թեպետ նույն Նիկոլի ելույթների մեծ մասում դարձյալ շահարկվում է այդ նույն ժողովրդի անունը։ Թեպետ՝ հիմա մի փոքր ավելի քիչ, հատկապես ԱԺ և ՏԻՄ ընտրություններից հետո: Բանն այն է, որ մի կողմից՝ այդ ժողովուրդը դեռևս իրեն պետք չէ, դե, գուցե մինչև հանրաքվե, մյուս կողմից՝ այդ նույն «հպարտ ժողովրդից» Նիկոլը նեղացած է, քանի որ հիանալի հասկանում է, թե ինչի արդյունքում է ԱԺ ընտրություններում մեծամասնություն ստացել, իսկ ՏԻՄ ընտրություններում էլ, հասկանալի է, ձախողվել է ամբողջությամբ: Մի խոսքով՝ Նիկոլը կորցրել է նաև էլեկտորատը, ու հիմա նա այլևս ո՛չ սիրում է, ո՛չ էլ խոնարհվում է «հպարտ քաղաքացիների» առաջ:
Անկեղծ ասած՝ նախկինում էլ չի սիրել, ուղղակի այդպես է պետք եղել: Ավելին, ներկայումս Նիկոլն ու իր «թիմը» անթաքույց ցույց են տալիս, որ 2018 թվականին պարզապես կարողացել են մանիպուլացնել և հաղթել ժողովրդին, հիմա էլ շարունակում են իրենց հաղթարշավը՝ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առջև, նույնիսկ հպարտանալով, թե ինչքան շատ են եղել տուգանվողները: Փաստորեն, լավ էլ «տուգանքի մատերիալ» է «սիրելի ժողովուրդը»: Սա արդեն վաղուց լիովին օրինաչափություն է դարձել: Օրինակ՝ վերջերս, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանում տեղ գտած՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու համար վճարելու հետ կապված ձևակերպումը, ապա դրանից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այդ որոշումն իրենց հաղթանակն է։ Եթե խոսվում է հաղթանակի մասին, ապա առաջին հերթին հարց է առաջ գալիս՝ ո՞ւմ նկատմամբ։ Պատասխանը պարզ է՝ իրենց ընդդիմախոսների, իսկ իրականում՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք. սա այն իշխանությունն է, որ հայտարարում էր, թե հող է ժողովրդի ոտքերի տակ և յուրաքանչյուր հարց քննարկելու է ժողովրդի հետ:
Զավեշտալի կլիներ այս ամենը, եթե այսքան տխուր չլիներ... Կարճ ասած՝ այս իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են ժողովրդի հետ, հաղթանակ են տանում սեփական ժողովրդի նկատմամբ, ու, եթե պետք լինի, ապա Փաշինյանը կարող է հանգիստ, առանց աչքն անգամ թարթելու ներկայացնել, որ այդ ամենը իրենք կատարում են «ժողովրդի անունից» ու ամենակարևորը՝ «ժողովրդի համար»։ Հա, ու անպայման հավելելով՝ «ինչ ուզում, այն էլ անում ենք»: Էլի ձեզ համար, սիրելի՛, թանկագի՛ն «հպարտ քաղաքացիներ», որ գնալով ավելի աղքատ եք դառնում, իսկ իշխանավորները վայելքների մեջ են: Դուք չեք հասկանում, իշխանությունը ձեզ անպայման պետք է հաղթի, այդպես է պետք:
Ոչինչ, որ նրանք պարտվել են պատերազմում, ոչինչ, որ դարձել են հազարավոր հերոսների զոհվելու պատճառ, ոչինչ, որ մեր հայրենիքի զգալի մասի կորստի պատճառ են դարձել, ոչինչ, որ երկիրը հասցրել են անդունդի պռնկին, ոչինչ, որ թշնամու հոխորտանքների դեմ դարձել են «կուռկուռի ձագ», ոչինչ, որ անզոր են պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Կարևորը, որ նրանք կարողանան ներսում «հաղթել»՝ ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին, ընդհանրապես բոլորին, այդ թվում ու հատկապես նրանց, որոնք դեռ շարունակում են զորակցել սրանց, այսինքն շարունակում են հաճույքով պարտվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: