ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ կրկին հանդիպելու պատրաստակամություն են հայտնել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության հետագա քայլերը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել հունվարի 12-ին։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Միացյալ Նահանգները եւ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ են նոր հանդիպում անցկացնել ռուսական կողմի հետ եւ «հանձնառու են շարունակել դիվանագիտական փոխգործակցությունը եւ փոխադարձ երկխոսությունը»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները ցույց են տվել առճակատման լրջությունը համաշխարհային հարթակում։