Ահմեթ Ալթանը թուրքական բանտը նախընտրում է արտաքսման մեջ ապրելուց
Գրող Ահմեթ Ալթանը լի է Թուրքիայում մնալու վճռականությամբ՝ չնայած դատական հետապնդմանը՝ կյանքը արտաքսման մեջ անվանելով «ավելի ծանր, քան բանտը»։
71-ամյա թուրք լրագրող եւ գրող Ահմեթ Ալթանը , որն ազատ է արձակվել մոտ հինգ տարվա ազատազրկումից հետո չհաջողված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով, հիմա իր ժամանակը հաշվում է այն գրքերի քանակով, որոնք դեռ պետք է գրի։
Արեւմուտքում, հատկապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում (որտեղ գրական մրցանակներ է ստացել դեռ ճաղերի հետեւում գտնված ժամանակ) հայտնի Ալթանը տանը դժվար կացության մեջ է, այստեղ նրան դատական հետապնդում է սպառնում։
Բայց Ստամբուլի իր բնակարանում խոսելով AFP-ի հետ՝ Ալթանն ասել է, որ ավելի շուտ վերջին օրերը կանցկացնի թուրքական բանտում, «որտեղ խոսում եմ մայրենի լեզվով», քան ազատ մարդ կլինի արտաքսման մեջ, որտեղ «դու գրեթե ոչ ոք ես եւ արմատներ չունես»։
«Գրողները շատ են անհանգստանում, որովհետեւ ամեն րոպեն րոպե է, երբ դուք կարող եք գրել, կատարել ձեր աշխատանքը, ուստի ամեն րոպե, երբ գրում եք, դուք ափսոսանք եք զգում»,- ասել է նա վարժ անգլերենով։ «Հիմա ես դա շատ ավելի եմ զգում, քան մինչեւ բանտը»,- խոստովանել է նա՝ տեղավորվելով սեւ կաշվե բազկաթոռում, գրքերի դարսով շրջապատված։
Ալթանը, որը գրեթե յոթ մլն գիրք է վաճառել ամբողջ աշխարհում, տասնյակ հազարավոր թուրքերից մեկն էր, որոնք բանտարկվել կամ հեռացվել էին աշխատանքից 2016թ. պետական հեղաշրջմանը հաջորդած զտումների հետեւանքով։
Ալթանը հայտնի է նաեւ իր հիմնադրած Taraf թերթում աշխատանքով։ Կառավարությունը թերթը փակեց մեղադրանքների պատճառով, որ այն ֆինանսական աջակցություն էր ստանում ԱՄՆ-ում ապրող մուսուլման հոգեւորական Ֆեթուլա Գյուլենից, որին Էրդողանը մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։
Անցած տարվա ապրիլին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (որը իրավախախտումների «ոչ մի ապացույց» չէր գտել) կարգադրությամբ ազատ արձակված Ալթանը վերադարձել է իր ընտանիքի մոտ՝ բանտում եւս երկու գիրք գրելով եւ գրեթե ավարտին հասցնելով երրորդը։
Առաջին բանտային հուշերը՝ «Ես այլեւս երբեք չեմ տեսնի աշխարհը» վերնագրով, թարգմանվել են 28 լեզվով, բայց այդպես էլ չեն հրապարակվել Թուրքիայում։ Նա իր երկրորդ՝ «Լեդիի կյանքը» վեպը նկարագրում է որպես ձոն ազատությանն ու իր անձնական «վրեժը»։ Նրա ազատ արձակվելուց հետո գիրքը Թուրքիայում բեսթսելեր է դարձել՝ 2021թ. ստանալով Prix Femina ֆրանսիական մրցանակը։
«Սա իր տեսակի մեջ այսպիսի արտահայտություն է. «Դուք չկարողացաք ինձանից գողանալ այդ հինգ տարիները»,- ասել է գրողը վեպի մասին։ Նա հիշել է, որ գրում էր «օրը ութ կամ ինը ժամ», այն դեպքում, երբ խցակիցներից երկուսը անհանգստացնում էին նրան սիգարետի անվերջ ծխի պատճառով։
Մի անգամ բանտում նա պատահաբար գտավ FlashTV-ն՝ «բյուջետային» ալիք, որը ցույց էր տալիս երգող-պարող կանանց բավական բաց հագուստներով։
«Դրանք միակ կանայք էին, որոնց ես կարող էի տեսնել բանտում... Ինձ շատ դուր էր գալիս դիտել նրանց, բայց խցակիցներս խիստ կրոնասեր էին»,- ծիծաղում է Ալթանը, որն իրեն կրոնով խիստ տարված աթեիստ է անվանում։
«Լեդիի կյանքը» պատմություն է գրականագետ ուսանողի մասին, որը սիրահարվում է երկու զգայական կանանց», այն «ծնվել է այս մթնոլորտում»,- ասել է նա։
«Ես ապրում էի մի ինչ-որ այլ աշխարհում,- ասել է նա։- Եթե դուք կարող եք գրել, դժգոհելու բան չունեք»։
Ալթանի բանտարկությունը միջազգային վրդովմունք առաջացրեց՝ նրան վերածելով Թուրքիայում հալածանքների խորհրդանիշի պետական հեղաշրջման փորձից հետո։
38 Նոբելյան մրցանակակիր, այդ թվում Ջ.Մ. Կուտզին եւ Կաձուո Իսիգուրոն, 2018թ. նամակ են հրապարակել բրիտանական Guardian թերթում՝ կոչ անելով ազատ արձակել գրողին։
Իմանալով իր բարձր կարգավիճակի եւ իրեն սպասվող նոր դատական հետապնդման մասին՝ Ալթանն այսօր խուսափում է պատասխանել բացահայտ քաղաքական հարցերին։
Թեեւ Ալթանը խոստանում է իր ապագա գրքերը հրապարակել արտասահմանում՝ մինչ տանը բախտը փորձելը, նա վճռական է տրամադրված Թուրքիայում մնալու հարցում՝ անկախ ամեն ինչից։
«Դա քաջություն չէ։ Բայց ես կարծում եմ, որ արտաքսման մեջ լինելն ավելի ծանր է, քան բանտում գտնվելը»,- ասել է նա։ Արտաքսման մեջ «դուք կարող եք անվտանգ լինել... բայց չեք կարող զգալ, որ (քնած) եք ձեր սեփական անկողնում, սեփական տանը։ Ես կնախընտրեի լինել բանտում»։