Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացնելիս կառավարությունն առաջնորդվեց քաղաքական նկատառումներով. Քերոբյան
Երբ կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները, այդտեղ առաջնորդվեց քաղաքական նկատառումներով: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա նշեց, որ որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, նախարարությունը պետք է ուշի-ուշով հետևի և պաշտպանի այն ընկերություններին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում են բացվել՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների շնորհիվ:
«Պետք է այնպես անենք, որ իրենց այսպես ասած կայացումը չվտանգվի և նրանք նորից ստիպված չլինեն դուրս չթռչել շուկայից: Մենք հետևելու ենք իրավիճակին և եթե տեսնենք, որ խնդիրներ կան, այդ ներդրողների բիզնեսներ վտանգված են և նրանք այնքան չեն կայացել, որպեսզի կարողանան մրցակցել թուրքական ապրանքներ ներկրողների հետ, ապա մենք անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որպեսզի պաշտպանենք նրանց»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Վահան Քերոբյանը շեշտեց, որ ինքն անձամբ կողմնակից է եղել արգելքի երկարացմանը և տեղեկացրեց, որ հնարավոր է եղել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնել, բայց քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասին այդպիսի որոշում են կայացրել:
Նախարարն անդրադառնալով Ադրբեջանի սադրանքներին՝ ցավակցեց Գեղարքունիքում նախորդ օրը զոհված զինծառայողների հարազատներն և ասաց, թե պետք է հաշվի առնել, որ վերջին 30 տարիներին այդպիսի բախումներ եղել են միշտ, բայց թուրքական ապրանքների համար հանրապետությունը բաց է եղել:
Շեշտելով, որ չի ուզում սահմանային միջադեպերի հարցի մեջ շատ խորանալ՝ Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն, Հայաստանի համար ընդունելի պայմաններով հաստատվի խաղաղություն, որպեսզի կարողանան մտածել երկարաժամկետ աշխատանքի և ներդրումների մասին: