Մոտ 80 ամերիկացի չի կարողանում լքել Աֆղանստանը
ԱՄՆ-ի մոտ 80 քաղաքացի չի կարողանում հեռանալ Աֆղանստանից՝ երկրից տարհանման թռիչքների բացակայության պատճառով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Նրա խոսքով` մի քանի տասնյակ ամերիկացի ցանկություն է հայտնել լքել երկիրը, սակայն թալիբները մեկ ամիս է, ինչ տարհանման համար նախատեսված ինքնաթիռներին թույլ չեն տալիս թռնել: Թռիչքների վերսկսման ժամկետները դեռեւս պարզ չեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երեքշաբթի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել էր, որ աշնան սկզբից ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել իր մոտ 900 քաղաքացու եւ ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց։ Նա նաեւ նշել է մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Աֆղանստանից, սակայն չի նշել, թե երբ են ամերիկյան իշխանությունները դա անելու:
Թալիբները լայնածավալ օպերացիա են սկսել Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար՝ 2021 թվականի գարնանը Միացյալ Նահանգների կողմից այնտեղից իր զինված ուժերը դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: Անցյալ տարվա օգոստոսի 15-ին արմատականներն առանց կռվի մտան Քաբուլ, իսկ սեպտեմբերի 7-ին հայտարարեցին իրենց ժամանակավոր կառավարության կազմը, որի լեգիտիմությունը դեռ ոչ մի երկիր չի ճանաչել։ Տարիներ շարունակվող հակամարտության ֆոնին երկրում ծայրահեղ ծանր տնտեսական իրավիճակ է ստեղծվել։ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերից մարտ ամիսներին Աֆղանստանի բնակչության կեսից ավելին (մոտ 22.8 մլն մարդ) կարող է սննդի կրիտիկական պակասի բախվել: