Ամերիկացի դիվանագետները դեռ չեն լքել Ալմաթին
Ալմաթիում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները դեռ չեն լքել քաղաքը, շաբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
«Մենք դեռ տեղեկություն չունենք որեւէ մեկի հեռանալու մասին»,- ասել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը։
Նրա խոսքով՝ Նուր-Սուլթանում ԱՄՆ դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով։
«Ալմաթիում մեր անձնակազմը մնում է տեղում՝ փողոցներում շարունակվող բռնությունների պատճառով։ Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները՝ Ալմաթիում մեր անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։ Խիստ զգուշության ստանդարտ պրակտիկայի համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ալմաթիում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության անձնակազմի կամավոր հեռանալուն, ում աշխատանքը չի պահանջվում արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաեւ` դիվանագետների ընտանիքի անդամների ցանկության դեպքում։ Մեկնելը պարտադիր չէ»,- հայտնել են դիվանագիտական առաքելությունից։
Ալմաթիի գլխավոր հյուպատոսություն այսպես կոչված «լիազորված մեկնման» կարգավիճակը կվերանայվի ոչ ուշ, քան 30 օր անց։
«Մենք կարեւորում ենք մեր հարաբերությունները Ղազախստանի հետ եւ մեծ մտահոգությամբ հետեւում ենք իրավիճակին,- ասել է գլխավոր հյուպատոսությունը:- Մենք կոչ ենք անում Ղազախստանի իշխանություններին եւ ժողովրդին խաղաղ եւ կառուցողական լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար»։