ԱՄՆ-ում առաջարկել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները պետք է անհապաղ նոր պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանի դեմ՝ կանխելու նրա «շորթիչ պահանջները» և ստիպելու նրան գնալ զիջումների։ Այս մասին Ուկրաինայում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը գրել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի հոդվածում։
«Արևմուտքը պետք է նոր պատժամիջոցներ սահմանի հենց հիմա և համաձայնի չեղարկել դրանք միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հրաժարվի ռազմական էսկալացիայից»,- գրում է նա։
Ամերիկացի դիվանագետն իր համոզմունքն է հայտնել, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի կանխել «ագրեսիան» Ուկրաինայում։ Մեկնաբանելով անվտանգության երաշխիքների վերաբերյալ Կրեմլի առաջարկները՝ Վոլքերը նշել է, որ դրանք «բոլորովին անընդունելի են», և Պուտինը, նրա կարծիքով, դա հասկանում է։ ԱՄՆ նախկին հատուկ բանագնացը ենթադրել է, որ ՌԴ նախագահը մերժում է փնտրում Արևմուտքից, որպեսզի այն օգտագործի Ուկրաինայի վրա «հարձակվելու» կամ Դոնբասը «կցելու» համար։
«Սա Ռուսաստանի դրամաշորթության քաղաքականության ամենավատ բացատրությունն է և մի բան, որը պետք է լրջորեն քննարկեն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները», – եզրափակել է Վոլքերը:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են Ուկրաինա ռուսական ներխուժման ենթադրյալ նախապատրաստման մասին: Մասնավորապես, Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը կարող է իբր 2022 թվականի սկզբին նախապատրաստել ներխուժում Ուկրաինա և այն իրականացնել երեք ուղղություններից՝ Ղրիմից, մայրցամաքից և Բելառուսի տարածքից։ Ռուսաստանում այս մեղադրանքները հերքում են։