Այս պահին մտքերս կապված չեն Ռուսաստանի հետ. Վահան Բիչախչյան
-Մինչ այս պահն անցկացրած 23 խաղում դարձել ես 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Գո՞հ ես քո ցուցադրած խաղից։
-Ես միշտ ձգտում եմ անել առավելագույնը։ Ինձնից կախված ամեն բան անում եմ՝ թիմին օգտակար լինելու համար։
-Վահան, կա կարծիք, ըստ որի քո խաղաոճն այնքան էլ չի համապատասխանում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի խաղային փիլիսոփայությանը, այդ պատճառով այնքան էլ շատ խաղաժամանակ չես ստանում հավաքականի կազմում։ Կապառոսի հետ զրուցե՞լ ես այս թեմայով։
-Անկեղծ ասած, չեմ կարող կոնկրետ պատճառ նշել։ Կարծում եմ՝ այս հարցն ավելի տեղին կլինի ուղղել անձամբ մարզչին։ Մի բան հստակ կարող եմ նշել․ մեր ազգային հավաքականն ինձ համար շատ բան է նշանակում։ Մեծ պատիվ է ազգի համար խաղալը։ Ես միշտ անում և անելու եմ, որպեսզի հնարավորինս օգտակար լինեմ մեր հավաքականին։
-Ըստ քեզ՝ ինչու՞ մեր հավաքականը չկարողացավ տարվա սկզբում գրանցած հաջողություններին տրամաբանական ձևով շարունակություն հաղորդել։
-Այս հարցին չեմ կարող պատասխանել։ Պարզապես հստակ պատասխան չունեմ։
-Կան տեղեկություններ, որ քո ծառայություններով հետաքրքրված են ռուսական ԲԿՄԱ-ն և «Լոկոմոտիվը»։ Պաշտոնական առաջարկ ստացե՞լ ես այս ակումբներից։ Կարող ե՞նք որևէ նորության սպասել։
-Առայժմ հստակ որևէ բան չեմ կարող ասել։ Նորություններ լինելուն պես անպայման բոլորը կիմանան։
-Իսկ դու կցանկանայի՞ր կարիերադ շարունակել Ռուսաստանի առաջնությունում։
-Ամեն բան հնարավոր է, ոչինչ պետք չէ բացառել։ Բայց, որպես լրացում կարող եմ ասել, որ նպատակներս այս պահին Ռուսաստանի հետ կապված չեն։
Վերջում ցանկանում եմ շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը լինի առողջ, իսկ մեր երկրին՝ միայն ու միայն խաղաղություն։