Առանց ԲԵՊ-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցության՝ պայմանագրի կիրառման գոտին կկրճատվի մոտ 80 տոկոսով. ՌԴ ԱԳՆ
«Բաց երկնքի պայմանագրի» (ԲԵՊ) արդյունավետությունը կտրուկ կնվազի առանց Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների մասնակցության. դրա կիրառման տարածքը կնվազի մոտ 80 տոկոսով: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված «Բաց երկնքի պայմանագրից» Ռուսաստանի դուրս գալու հետ, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«2021 թվականի դեկտեմբերի 18-ից Ռուսաստանի Դաշնությունն այլեւս չի հանդիսանում «Բաց երկնքի պայմանագրի» կողմ եւ, համապատասխանաբար, այլեւս անդամ պետությունների խմբի անդամ չէ, ինչպես նախատեսված է պայմանագրի դրույթներով», - նշել են նախարարությունում։
«Մենք հարգանքով ենք մոտենում պայմանագրի մյուս մասնակից պետությունների որոշմանը՝ շարունակելու դրա կատարումը։ Մաղթում ենք նրանց կառուցողական եւ արդյունավետ համատեղ աշխատանք։ Այնուամենայնիվ, արդեն իսկ ակնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի եւ մեր երկրի մասնակցության, ԲԵՊ-ի արդյունավետությունը կտրուկ կնվազի. դրա կիրառման տարածքը կնվազի մոտ 80 տոկոսով, իսկ 2022 թվականին նախատեսված բաց երկնքի առաքելությունների թիվը կտրուկ կկրճատվի։ Պայմանագրային ռեժիմի դեգրադացիայի ողջ պատասխանատվությունը կրում է ԲԵՊ-ի փլուզման նախաձեռնողը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները», - ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԲԵՊ-ին մասնակցելու օգտին որոշումը Ռուսաստանի կողմից ժամանակին ընդունվել էր ոչ առանց դժվարությունների, այնուամենայնիվ, Մոսկվան գնաց այդ քայլին հանուն միջազգային անվտանգության ամրապնդման։ «Այն ժամանակ ծանրակշիռ փաստարկներից մեկը ԱՄՆ-ի մասնակցությունն էր այդ պայմանագրին, որը հանդես էր գալիս ռազմական ոլորտում թափանցիկության օգտին, սակայն չէր շտապում բացել իր տարածքը վստահության ամրապնդման միջոցների կիրառման համար», - հավելել է գերատեսչությունը։