ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել տնտեսական սեկտորային պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Այս մասին գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«ԵՄ 27 երկրների ղեկավարները միաձայն որոշել են երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը եւ կատարել Մինսկի պայմանավորվածությունները»,- ասել է Միշելը։ Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանին «լայնածավալ հետեւանքներ եւ արձր գին է սպասվում այդ ագրեցիայի համար»։ Ոչ նա, ոչ էլ ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չկարողացան կոնկրետ պատասխան տալ հարցին, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել Եվրամիությունը։
Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Դոնբասի հակամարտությունը ներուկրաինական է, իսկ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ մեկտեղ միայն միջնորդ է դրա կարգավորման հարցում Մինսկի պայմանավորվածությունների շրջանակներում:
2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինայում իրադարձությունների եւ Ղրիմի վերամիավորման հետ կապված։ Սահմանափակիչ միջոցառումները մի քանի անգամ ընդլայնվեցին եւ երկարաձգվեցին։ Առանց վիզայի ռեժիմի եւ համագործակցության նոր հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցվեցին, Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ արգելվեց, նրանց ակտիվները սառեցվեցին։ Նաեւ առեւտրային, ֆինանսական եւ ռազմական բնույթի սահմանափակող միջոցներ ներդրվեցին։ Ի պատասխան՝ Ռուսաստանն արգելք սահմանեց ԵՄ երկրներից մի շարք պարենային ապրանքների ներմուծման համար: