Պուտինը, Էրդողանի խնդրանքով, ներկայացրել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները. Կրեմլ
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։
Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին:
«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատվել է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ փոխգործակցելու տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում, ինչպես նաև երկու պետությունների միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու համար։ Բացի այդ, տրամադրվածություն է դրսևորվել առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման գործնական խնդիրների լուծման ուղղությամբ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարևորությունը, հանդես է եկել ջանքերի հետագա համակարգման օգտին, այդ թվում՝ օգտագործել ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունները՝ վերահսկելու կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը»,-ասվում է Կրեմլի կայքում։