ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում:
«ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նաև ողջունվում են ՌԴ-ի միջնորդական ջանքերը: Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել»,-ասել է Լավրովը:
Ըստ նրա՝ «բոլորը փորձում են հռչակագիրը հագեցնել իրենց մանր հարցերով կամ այս կամ այն կոնֆլիկտի վերաբերյալ առանձին հղումներով»: