Հայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին` ԼՂ հակամարտությունում հաղթանակի կապակցությամբ. Gazeta.ru
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ հետեւում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրից։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Sputnik Ադրբեջանին։
Գագաթնաժողովի հայտարարությանը միացել են ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք ՏՀԿ-ի մասնակիցների հետ շնորհավորել են Ադրբեջանի կառավարությանն ու այս երկրի ժողովրդին «օկուպացված տարածքների ազատագրման և երկրի տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ»։
Փաստաթղթում նշվում է, որ Երևանի հետ զինված հակամարտությունում այս հաղթանակը «ուղի կհարթի Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով»։
Բացի այդ, հայտարարության մեջ նաև կոչ է արվում ներդրումներ կատարել «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածքում վերակառուցման ծրագրերում», գրում է Gazeta.ru-ն։