«Արարատ, ուրախ հարսանիքներ եւ խաղողի ողկույզներ․Հայաստանն աշնանը»․ «ՌԻԱ Նովոստի»-ի ռեպորտաժը
«ՌԻԱ Նովոստի»-ն ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին՝ «Արարատ, ուրախ հարսանիքներ և խաղողի ողկույզներ․Հայաստանն աշնանը» վերնագրով։
«Հայաստանը դրախտ է Երկրի վրա։ Ոչ մի տեղ այսքան գեղեցիկ, համեղ ու անկեղծ չէ, որքան այստեղ։ Ինքներդ կզգաք»,-ամեն երկու րոպեն մեկ կրկնում է տաքսիստը, ով ներկայացել է որպես Զորրո։
Նա չի հանում իր ակնոցը նույնիսկ անձրեւի տակ։ Նա խորհուրդ է տալիս տեսնել ամենաարտասովոր վայրերը, խաղող համտեսել եւ ներկա լինել հայկական հարսանիքների։ Այն մասին, թե որտեղ փնտրել աշխարհի հնագույն եկեղեցիները, ինչպես լավաշ պատրաստել թոնիրում եւ հնարավորինս մոտենալ Արարատին՝ «ՌԻԱ Նովոստի»-ի նյութում։
Արդիականությունից մինչեւ հնություն
Մոսկվայից երեք ժամ ինքնաթիռով, եւ դու Զվարթնոցում ես՝ Երեւանի օդանավակայանում։ Այն ամենը, ինչ զբոսաշրջիկին անհրաժեշտ է, բացի անձնագրից, պատվաստման QR կոդն է կամ ոչ ավել, քան 72 ժամ առաջ հանձնած ՊՇՌ-թեստը։
Օդանավակայանն անվանվել է երկրի խորհրդանիշներից մեկի՝ Զվարթնոցի անունով (թարգմանաբար՝ «արթուն հրեշտակների տուն»)։ Սա 7-րդ դարի հսկայական համալիր է, որը գտնվում է Երեւանի մոտ։
Տաճարը, որը կանգուն է 32 սյուների վրա, ավերվել է 10-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժից։ Պահպանվել են միայն հիմքը եւ մի քանի սյուներ։
Մոտակայքում կաթողիկոսի (հայ եկեղեցու առաջնորդը) նստավայրն է, պալատի մնացորդները, բնակելի տարածքները, բաղնիքները։ Լավ է պահպանվել գինու գործարանը։
Զվարթնոցը տեսնելու համար կպահանջվի առնվազն մեկ ժամ։ Այն կարծես նկարազարդում լինի Հին Հունաստանի պատմության դասագրքից, միայն թե ձիթենիների փոխարեն սերկեւիլի ծառեր են:
Հայկական հարսանիքներ
Երեւանից 20 կմ հեռավորության վրա Աշտարակ քաղաքն է։ Այստեղ քիչ զբոսաշրջիկներ են այցելում, իսկ տեսարժան վայրերը շատ են։ Նեղ փողոցներով պատմական կենտրոնում են գտնվում Ծիրանավոր (6-րդ դար) ու Կարմրավոր (7-րդ դար) եկեղեցիները։
Ուշադրություն դարձրեք Կարմրավոր եկեղեցու կղմինդրյա տանիքին․ նման եկեղեցիներ Հայաստանում քիչ են։
Եթե քայլելիս լսեք մեքենաների շչակների ձայներ եւ բարձր երաժշտություն, ապա ձեր բախտը բերել է՝ հայկական հարսանիք կտեսնեք։ Նորապսակները գալիս են փեսայի տուն, պատշգամբից նրանց վրա շաղ են տալիս վարդի թերթիկներ եւ կոնֆետներ։
Հյուրերին հյուրասիրում են ընկույզով եւ չորամրգերով, սրտիկաձեւ աղանդերով եւ քաղցրավենիքի բուրգերով: Սովորաբար հրավիրվում են նաեւ զբոսաշրջիկներ։ Դուք կարող եք կենաց ասել: Իսկ հետո՝ տոնական սեղան, որի շուրջ, որպես կանոն, հավաքվում է 300-400 մարդ։ Աղմկոտ, զվարճալի եւ շատ համեղ:
Քասախ գետի ափին 19-րդ դարի ջրաղացին կից փոքրիկ այգի կա։
Կարելի է նստել հին ջրաղացաքարի մոտ, ինչպես սեղանի մոտ, լսել ջրի ձայնը, ծառերից ընկույզ քաղել։
Տապանատախտակ եւ լավաշ
Երեւանից 17 կմ հեռավորության վրա գտնվում է Էջմիածին քաղաքը (մյուս անվանումը՝ Վաղարշապատ)։ Սա քրիստոնեության բնօրրանն է Հայաստանում։ Այստեղ էր, որ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսը 301 թվականին հիմնեց հայկական առաջին եկեղեցին։ Ըստ ավանդույթի՝ այս վայրը նրան ցույց է տվել ինքը՝ Քրիստոսը, ուստի տաճարը կոչվել է Էջմիածին (Իջավ Միածինը):
Այն, հավանաբար, աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։
1441 թվականից կաթողիկոսի նստավայրը գտնվում է Էջմիածնում։
Նստավայրի տարածքում գտնվող թանգարանն ունի քրիստոնեական մասունքների շատ հետաքրքիր հավաքածու։ Դրանց թվում է հռոմեացի հարյուրապետ Լոնգինոսի նիզակը, որը խոցել է Հիսուսին խաչի վրա: Եվ նաեւ քարացած տախտակ: Ասում են, որ այն Նոյան տապանից է, որը հայտնաբերել են Արարատի վրա 4-րդ դարում։
«Մաչանենց» («Մաչան»՝ համբուրող մարդ) մշակութային կենտրոնում հայկական տուն են ստեղծվել․ կանաչապատ բակ, վառարան, գինու սափորներ, գյուղացիական կենցաղային իրեր։ Այստեղ վարպետության դասեր են անցկացնում նկարչության, խեցեգործության, հացագործության, գորգագործության ոլորտներում։
Կա նաեւ հայկական ավանդական խոհանոց։ Զարդարված է 20-րդ դարի կեսերի բնակելի շենքի ոճով։ Ճաշին սպասելիս կարող եք դիտել, թե ինչպես են պատրաստում լավաշ։ Ամենայն հավանականությամբ, ձեզ նույնպես տաք հաց կհյուրասիրեն։
Արժե մի քանի օր անցկացնել «Մաչանենց»-ում, համալիրն աշխատում է որպես հյուրատուն։ Որպես հուշանվերներ առաջարկում են կերամիկա, զարդեր եւ հանքանյութեր (օրինակ՝ օբսիդիան):
Վանք՝ անհետացող մարդկանցով
4-րդ դարում հիմնված Հովհաննավանքը գտնվում է Աշտարակ քաղաքից 6 կմ հեռավորության վրա՝ կիրճի եզրին։ Այստեղ՝ 6-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցում, պահվում է Հովհաննես Մկրտչի մասունքներից մի մասնիկ։
Պատմաբաններն ասում են, որ ստորգետնյա անցումները տաճարից տանում էին դեպի կիրճի հատակը՝ պաշարման դեպքում։ Եվ թվում է, թե դրանք նույնիսկ օգտագործվել են․ մարդիկ այդպիսով փրկվել են զավթիչներից։
Վանքի մոտ շուկա կա։ Առեւտրականներն առաջարկում են մուրաբա, չորամրգեր եւ պաստեղ, հյուրասիրում խնձորով եւ ընկույզով։
Արարատ լեռան ստորոտին
Հայերի համար ամենակարեւոր տեսարժան վայրը Արարատն է։ Բայց այն գտնվում է Թուրքիայի տարածքում։ Ուստի, երբ լավ եղանակ է, եւ ձնառատ գագաթը երեւում է, գրեթե բոլոր տեղացիները հպարտությամբ եւ միեւնույն ժամանակ թախիծով ցույց են տալիս լեռը։
Արարատին ամենամոտը գտնվում է Խոր Վիրապի վանքը («Խորը փոս»)։ Այն կառուցվել է այնտեղ, որտեղ եղել է հնագույն Արտաշատ քաղաքը։ 301 թվականին այստեղից սկիզբ է առել աշխարհի առաջին քրիստոնյա պետության՝ Հայաստանի Մկրտությունը։
Ըստ ավանդույթի՝ Տրդատ III արքան 287 թվականին այստեղ քարե զնդան է նետել Գրիգոր Լուսավորչին, ով հրաժարվել է երկրպագել հեթանոս աստվածուհուն։ Հայաստանի ապագա մկրտիչը 13 տարի բանտարկված է եղել Խոր վիրապում։ Ուղղահայաց սանդուղքը տանում է դեպի նրա խուցը՝ վեց մետր խորության վրա։ 17-րդ դարում զնդանի վրա կառուցվել է մատուռ, իսկ կողքին՝ Տիրամոր տաճարը։
Եթե ձեր բախտը բերի եղանակի հարցում, ապա Խոր Վիրապից կտեսնեք եւս երեք երկիր՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա Թուրքիան է, 11 կմ հեռավորության վրա՝ Իրանը եւ 24 կմ՝ Ադրբեջանը։
Խոր Վիրապից Երեւան տանող ճանապարհին խաղողի այգիներ կան։ Բերքն արդեն հավաքել են, բայց դեռ շատ քաղցր հատապտուղներով ողկույզներ են մնացել։ «Այստեղ կարող ես մտնել խաղողի այգիներ, նկարվել ու ինքդ քեզ հյուրասիրել։ Ոչ ոք քեզ դուրս չի հանի»,-վստահեցնում են տեղացիները։ Եվ դա իսկապես այդպես է։ Ի դեպ, հայկական գինիները շատ բուրավետ եւ համեղ են։ Կոնյակի հետ միասին դրանք ամենահայտնի հուշանվերներն են։
Աշունը Հայաստանում ընկալվում է ոչ թե որպես տխուր անցում դեպի ձմեռ, այլ որպես վաստակած հանգիստ ամառվա շոգից հետո։