Թուրքական լիրան անկման նոր ռեկորդ է սահմանել
Թուրքական լիրան դարձյալ թարմացրել է անկման ռեկորդը դոլարի նկատմամբ, եւ երեքշաբթի մեկ դոլարը հավասարվել էր 10,16 լիրայի։ Ինչպես վկայում են արժույթի սակարկությունների տվյալները, որոնք հեռարձակում է NTV հեռուստաալիքը, սա վերջին հինգ տարում ազգային արժույթի ամենամեծ անկումն է։
1 դոլարը 10,16 լիրա մակարդակը գրանցվել է այս առավոտյան կայացած սակարկություններում։ Ներկա պահին Թուրքիայի Կենտրոնական բանկի ակտուալ տվյալներով՝ մեկ դոլարն արժե 10,01 լիրա, բայց փոխարժեքն օրվա ընթացքում կփոխվի։
Ամերիկյան արժույթի մեկ միավորը 10 լիրա սահմանը հոգեբանորեն կարեւոր է Թուրքիայի բնակիչների համար։ Լիրայի այս արժեզրկումը հարաբերակցվում է նաեւ գնաճի աճող ցուցանիշների հետ։ Հոկտեմբերին սպառողական գների աճի տեմպերն ավելացել էին 2,39 տոկոսով՝ սեպտեմբերի համեմատ։ Իսկ տարեկան կտրվածքով հոկտեմբերի վերջին, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, գները բարձրացել են 19,89 տոկոսով։
Իշխանությունները փորձում են զսպել ազգային արժույթի անկումն ու գնաճը, այդ թվում ի հաշիվ տոկոսադրույքների իջեցման եւ բիզնեսի աջակցման որոշ միջոցների։ Բայց արդյունքում այդ քաղաքականությունը չի օգնում զգալի չափով կանգնեցնել գների աճը սպառողների համար։ Ավելին, հոկտեմբերին պետբյուջեն փակվել էր 17 մլրդ լիրայի (1,7 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով) պակասուրդով, իսկ 2021թ. 10 ամսում ծախսերի գերազանցումը բյուջեում կազմում է 78 մլրդ լիրա (7,8 մլրդ դոլար)։