Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը:
«Մենք ողջունում ենք նաև ադրբեջանցի և հայ խորհրդարանականների միջև շփումների սկիզբը»,- Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ հանդիպմանը հայտարարել է Շենթոփը։
Ըստ նրա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները «նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ»։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ «խաղաղությունն ու կարգավորումը բխում են տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից»։
«Դա վերաբերում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անկեղծ քայլերի դեպքում Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց»,- վստահ է Շենթոփը։
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցչին հաշվի առնել նոր իրողությունները: