Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները աննախադեպ մակարդակի վրա են. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի իր գործընկեր Վան Իի հետ Հռոմում կայացած հանդիպմանը նշել է երկու երկրների հարաբերությունների աննախադեպ մակարդակը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Սա ՌԴ արտգործնախարարի առաջին երկկողմ հանդիպումն է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում:
«Մեր շփումները բավական ինտենսիվ են։ Սա արտացոլում է ՌԴ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների որակապես աննախադեպ մակարդակը։ Խնդիրները, որոնք մեր առջև դնում են մեր առաջնորդները, լուծվում են իշխանության բոլոր մակարդակներում և դրական արձագանք են գտնում քաղաքացիական հասարակության շրջանում»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների հերթական՝ 26-րդ հանդիպումը: Դրան կնախորդեն միջկառավարական հինգ հանձնաժողովների նիստերը։