Սթիվեն Սիգալն առաջարկել է օգնել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև երկխոսության հաստատմանը
Հոլիվուդյան դերասան և սցենարիստ Սթիվեն Սիգալը, որը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, կամավոր առաջարկել է օգնել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև երկխոսության հաստատմանը, գրում է svpressa.ru-ն:
«Ինձ ցավ է պատճառում լսել, որ երկու երկրների հարաբերությունները փլուզվում են, և հուսով եմ, որ դրանք հնարավոր կլինի նորոգել»,-ասել է դերասանը «Սոլովյով life»-ի եթերում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունում կան բազմաթիվ մարդիկ, որոնք դրական են վերաբերվում Ճապոնիային, իսկ շատ ճապոնացիներ փոխադարձաբար են արձագանքում։
Նա նաև ասել է, որ մտադիր է լուրջ ջանքեր գործադրել՝ պարզելու համար, թե ինչ է կատարվում Մոսկվայի և Տոկիոյի միջև, և դա վերաբերում է ոչ միայն Կուրիլյան կղզիների սեփականության հարցին։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է հանդիպել Ճապոնիայի նոր վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։
Սիգալը Ռուսաստանի քաղաքացի է դարձել 2016 թվականին, իսկ երկու տարի անց նշանակվել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ ռուս-ամերիկյան հումանիտար կապերի և ընդհանուր մշակութային ու պատմական ժառանգության հարցերով։