Հայաստանի հինգ ներկայացուցիչներից 3-ը շարունակում են պայքարը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության երրորդ մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից 3-ը շարունակում են պայքարը։
Հատկապես տպավորիչ հաղթանակ տոնեց 51 կգ քաշային Նարեկ Սարգդյանը, ով առավելության հասավ հունգարացի Դոմինիկ Էնիկեսի նկատմամբ։ Բարձրահասակ մրցակցի հետ պայքարում մեր մարզիկը 3 անգամ նոկդաունի ենթարկեց նրան ու հաղթեց ժամանակից շուտ։
63 կգ քաշային Սոնա Հարությունյանը իր հերթին հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցոգովինան ներկայացող Թառա Բոստաջուկի նկատմամբ, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանի մրցակիցը ռինգ դուրս չեկավ և հաղթանակը շնորհվեց մեր մարզուհուն։