Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է, Կարպինը շնորհավորել է նրան Ռուսաստանի թիմի հաղթանակով
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշում է ծննդյան 95-րդ տարեդարձը: Ռուսաստանի հավաքականն ու թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը շնորհավորել են հոբելյարին:
«Կցանկանայի շնորհավորել Նիկիտա Պավլովիչին։ Մեր այս հաղթանակը նրա համար կլինի որպես շնորհավորանք։
Ֆեդերացիայի, ֆուտբոլիստների մարզչական շտաբի անունից ցանկանում ենք շնորհավորել նրան, մաղթել առողջություն եւ երկար տարիներ, առնվազն այսքան էլ»,- Կարպինի խոսքը մեջբերում է ՌՖՄ-ի կայքը։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Սլովենիայի թիմին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» եւ «Սպարտակում», որի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր: Նա 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:
ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը ոսկե մեդալ է նվաճել Մելբուռնի 1958թ. Օլիմպիական խաղերում, ինչպես նաեւ մասնակցել է 1958-ին Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությանը: 2000-ին Սիմոնյանը ՖԻՖԱ-ի շքանշան է ստացել ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:
Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին: