Թուրքական ընդդիմությունը միավորվում է ընդդեմ Էրդողանի
Թուրքական ընդդիմադիր վեց կուսակցություններ ուժեղացնում են համագործակցությունը 2022 թվականին կայանալիք ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա Արդարություն և զարգացում կուսակցությանը տապալելու նպատակով: Ընդդիմության համագործակցության ակտիվացումը կբարձրացնի ճնշումը նախագահի վրա, քանի որ սոցիոլոգիական հարցումները վկայում են նրա իշխող դաշինքի աջակցության անկման մասին, գրում է Reuters-ը:
Բանակցողները նշել են, որ մեծացնելով համակարգումը, որն օգնել է իրենց հարված հասցնել Էրդողանին 2019-ի ՏԻՄ ընտրություններում, կողմերը երեքշաբթի երրորդ հանդիպումն են անցկացրել և մինչև տարեվերջ ծրագրում են շաբաթական հանդիպումներ՝ ընդհանուր սկզբունքների համաձայնեցման համար:
«Ընդդիմությունը փորձել է մի բան, որը նախկինում չէր եղել՝ միավորվել իշխանությանը հակադրվելու համար»,-ասել է քաղաքական մեկնաբան Մուրատ Յեթկինը:
Էրդողանի կառավարությանն աջակցությունը թուլանում է` տնտեսական խնդիրների լուծման քննադատության ֆոնին, ինչպիսիք են բարձր գնաճը և գործազրկությունը, COVID-19-ի համավարակը, անտառային հրդեհներն ու ջրհեղեղները:
Ըստ մասնակիցների` ընդդիմության բանակցություններն ուղղված են ընդհանուր սկզբունքների սահմանմանը, այլ ոչ թե նախագահի թեկնածուի շուրջ համաձայնության գալուն` նպատակ ունենալով հրաժարվել 2018 թվականին ներդրված կառավարման նախագահական համակարգից եւ վերադառնալ խորհրդարանական համակարգին: