Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների միջև
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման նպատակով Մինսկում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին հոկտեմբերի 8-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության առնչությամբ հիմնական հարցերը, ընդգծվել է միջպետական համագործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը։
Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանը և Ալեքսանդր Գուրյանովն առարկայնորեն դիտարկել են հայ-բելառուսական համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարներն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում։
Կարևորվել է համապատասխան միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների դերը՝ որպես առևտրատնտեսական, գիտական և ռազմատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև օրենսդիր մարմինների միջև երկկողմ փոխգործակցության առաջմղման կարևոր մեխանիզմների։ Միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի քննարկման ժամանակ արձանագրվել է համագործակցության հետագա զարգացման արդիականությունը՝ հաշվի առնելով 2001թ․ մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի հիմնական դրույթները։
Խորհրդատվությունների արդյունքներով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շրջանակում ստորագրվել են Քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին միջկառավարական համաձայնագրում լրացում կատարելու մասին Արձանագրությունը, ինչպես նաև հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջկառավարական համաձայնագիրը։