Լեգենդար «Սպարտակ» բալետը վերադառնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոն
Հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը երկարատև դադարից հետո վերականգնվել է և դարձյալ թատրոնի խաղացանկում է:
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բեմադրող բալետմայստերը՝ Յուրի Գրիգորովիչը (ԽՍՀՄ ժող. արտիստ), նկարիչը՝ Սիմոն Վիրսալաձեն (ԽՍՀՄ ժող. նկարիչ):
Ներկայացումը վերականգնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենակատարները:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ տեղի է ունեցել 2009 թվականին:
Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետը գրել է 1954 թվականին: Լիբրետոյի հեղինակն է Նիկոլայ Վոլկովը։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։
Լիբրետոյի հիմքում ընկած է Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ 1959 թվականին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։
1950 թվականի հուլիսի 9-ին «Սպարտակ» բալետի պարտիտուրի առաջին էջին Արամ Խաչատրյանը գրել է. «Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի զգացումով»:
Վերջին էջում կարդում ենք. «Երեք ու կես տարի տևեց «Սպարտակ»-ի վրա աշխատանքը: Գրում էի հիմնականում ամռանը: Ընդհանուր վերցված «Սպարտակը» 8 ամսվա ընթացքում է գրվել: Վերջացրել եմ 1954-ի փետրվարի 22-ին: Ողջ երաժշտությունը գրվել է Հին Ռուզայում՝ Կոմպոզիտորների տանը: Արամ Խաչատրյան»: