Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին․ վերջինս ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին
2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:
Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: