Գիտնականները թեյի մեջ անհայտ պոտենցիալ վտանգավոր միացություններ են հայտնաբերել
Պարզվել է, որ թեյի պատրաստի ըմպելիքում կան մոտ 500 միացություններ, որոնք կարող են քլորին արձագանքել՝ առաջացնելով նոր, դեռ անհայտ և, հնարավոր է, առողջության համար վնասակար կողմնակի մթերքներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Science & Technology ամսագրում:
Թեյն աշխարհում ամենաշատ սպառվող ըմպելիքն է՝ խմելու ջրից հետո: Թեյի տերևի կազմը մանրակրկիտ կերպով ուսումնասիրված է, և այդ տվյալների հիման վրա գիտնականները սովորաբար եզրակացություններ են անում թեյի օգտակարության մասին՝ անտեսելով թեյ ըմպելիքի հիմնական բաղադրիչի`ջրի հատկությունները:
Երբ ծորակի եռացրած ջուրն օգտագործվում է թեյ պատրաստելու համար, այն ախտահանելու համար օգտագործվող մնացորդային քլորը կարող է արձագանքել թեյի միացություններին՝ ձևավորելով այսպես կոչված ախտահանման կողմնակի մթերքներ, որոնցից շատերը զգալի կոնցենտրացիաներով վտանգավոր են առողջության համար:
Հարավային Կարոլինայի համալսարանի ամերիկացի հետազոտողները Տյանցզինի համալսարանի չինացի գործընկերների հետ, չափել են 60 հայտնի ախտահանման կողմնակի մթերքների մակարդակը թեյի երեք հայտնի ապրանքանիշերում ՝ կանաչ Twinings, սև Earl Grey և Lipton, և անսպասելիորեն պարզել են, որ այդ նյութերի մակարդակը եփած թեյի մեջ ավելի ցածր է եղել, քան ծորակի սկզբնական ջրի մեջ:
Հեղինակները դա բացատրում են նրանով, որ միացություններից շատերը գոլորշիացել են թրմելիս կամ կլանվել են թեյի տերևների կողմից:
Միևնույն ժամանակ, գիտնականները պատրաստի թեյի մեջ հայտնաբերել են բազմաթիվ անհայտ կողմնակի մթերքներ: Այս նյութերի ազդեցությունը մարդու առողջության վրա ուսումնասիրված չէ, սակայն, ըստ հեղինակների, թեյը պարունակում է մոտ 500 միացություն, ներառյալ պոլիֆենոլներ, ամինաթթուներ, կոֆեին և այլն, որոնք կարող են արձագանքել քլորին՝ առաջացնելով վնասակար նյութեր: Ավելի վաղ ապացուցվել է դրանցից որոշների կապը հղիության և ծննդաբերության ժամանակ քաղցկեղի առաջացման և բարդությունների հետ:
Օրգանական հալոգենների ընդհանուր քանակը, որը ներկայացնում է վնասակար նյութերի հիմնական մասը, թեյի մեջ մոտավորապես երկու անգամ ավելի բարձր է եղել, քան ծորակի սկզբնական ջրի մեջ: Նրանցից մոտ չորս տոկոսը հնարավոր է եղել բացահայտել: Հիմնական մասը՝ ավելի քան 12 տոկոսը, այնպիսի միացություններ են, որոնք առկա են եղել սկզբնական ջրի բաղադրության մեջ:
Չնայած այն հանգամանքին, որ թեյի օրգանական հալոգենների ընդհանուր քանակի մոտ 96 տոկոսը մնացել է չճշտված, դրանց կոնցենտրացիան, ըստ հետազոտողների, որևէ վտանգ չի ներկայացնում մարդկանց համար: Այս նյութերի անվտանգ մակարդակը գերազանցելու համար հարկավոր է օրական խմել ավելի քան 50 բաժակ թեյ: