Լիտվա. Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը գրավել է 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 11-13-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի և շարունակել մրցանակային տեղեր զբաղեցնելու ավանդույթը, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը:
Լիտվայի լրագրողների միության կողմից 16-րդ անգամ անցկացված ավանդական մրցաշարում հայ լրագրողներն 8 խաղերից հետո վաստակել են 19 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը: 100 տոկոսանոց արդյունքով մրցաշարի հաղթող է դարձել Մոլդովայի թիմը: Երրորդ տեղը գրավել է Լիտվայի լրագրողների միության Pressas թիմը, որը հավաքել է 14 միավոր։
Հայաստանի թիմն 8 խաղերում տարել է 6 հաղթանակ, կրել մեկ պարտություն ու գրանցել մեկ ոչ ոքի՝ դառնալով մրցաշարում ամենաշատ գոլ խփած թիմը (28 գոլ):
Մրցաշարի լավագույն հարձակվող է ճանաչվել NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանը, որը դարձել է 13 գոլի հեղինակ:
Այս տարի մրցաշարում հանդես են եկել 9 լրագրողական թիմեր Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից և Լիտվայից (5 թիմ)։ Մրցաշարն անցկացվել է մեկ օրում և բոլոր թիմերը 15 րոպե տևողությամբ խաղերում մրցել են իրար հետ:
Մրցաշարի ավարտին Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը ջերմ ընդունելության է արժանացել Դրուսկինինկայի «Երևան» հյուրանոցային համալիրում: Ավանդույթի համաձայն՝ հայ լրագրողները խաղերից հետո հյուրընկալվում են «Երևանում», որի տնօրեն Մարտին Գասպարյանը դարձել է հայկական թիմի լավագույն բարեկամներից մեկը և Լիտվայում տարբեր հարցերով աջակցում է թիմին:
Հայաստանի թիմի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։
Նախորդ անգամ ևս Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երկրորդ տեղն էր գրավել այս մրցաշարում, իսկ դրանից առաջ 3 անգամ դարձել էր բրոնզե մեդալակիր:
Լուսանկարները՝ սկզբնաղբյուրում: