Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը իր սուվերեն իրավունքն է․ Զախարովայի արձագանքը Ալիևի հայտարարություններին
Այսօր տեղի է ունեցել Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում արված շեշտադրումներին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափին: Զախարովան նշել է, որ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների իրականացումը բացարձակ առաջնահերթություն է: Բաքվի և Երևանի հետ ամենաբարձր և բարձր մակարդակով շփումները պարբերական բնույթ են կրում: Անհրաժեշտ աշխատանքներ տարվում են նաև արտաքին քաղաքական, պաշտպանական և սահմանապահ գերատեսչությունների գծով: Մեր դեսպանատունը նույնպես ակտիվ գործունեություն է ծավալում»,- նշել է Զախարովան:
Փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափի մասով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հանդիպումների ձևաչափերը քննարկվում են կողմերի հետ, իսկ որոշումները կայացվում են հօգուտ այդ հանդիպումների արդյունավետության, «հարցի զգայունությունից և անվտանգային հարցերից ելնելով՝ քննարկումների մանրամասները ոչ միշտ են հրապարակայնացվում»:
Զախարովան անդրադարձել է նաև որոշ քաղաքական գործիչների ռազմատենչ հռետորաբանությանը, ինչը, ըստ նրա, խոչընդոտում է կայուն արդյունքներ գրանցելուն։
«Թե՛ Բաքուն, թե՛ Երևանը, ընդհանուր առմամբ, բարձր են գնահատում մեր երկրի և ռուսական խաղաղապահ առաքելության դերը Լեռնային Ղարաբաղում: Մեր խաղաղապահների գործողությունների շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն բարելավվել է, այն համեմատաբար հանգիստ է: Իրենց տներ վերադարձող փախստականների մասին տվյալները պարբերաբար տեղադրվում են ՌԴ ՊՆ կայքում։ Առանձին միջադեպեր օպերատիվ կերպով լուծվում են աշխատանքային կարգով․ դրանց առաջացման պատճառը Բաքվի և Երևանի հարաբերություններում վստահության բացակայությունն է»,- նշել է Զախարովան:
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ լուծել հումանիտար ոլորտում առկա խնդիրները. կատարել ռազմագերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզների փոխանակում:
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը այդ երկրի սուվերեն իրավունքն է. «Կցանկանայի ընդգծել, որ մենք համապատասխան փոխգործակցություն ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Ընդ որում՝ մենք հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունը»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ ներքին գործերի նախարարությունը բազմիցս դիմել է Երևանին և Բաքվին՝ կոչ անելով զերծ մնալ ուժի կիրառումից և հարցը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
«Մենք ելնում են նրանից, որ հարցի երկարաժամկետ լուծման համար հարկավոր է սկսել սահմանազատման և հետագա սահմանագծման շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն տրամադրել»,- ընդգծել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է իր աշխատանքները օգոստոսի 17-ին: «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ կողմերին հաջողվել է վերսկսել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ հարցի շուրջ գործնական քննարկումները, ինչը, մեր կարծիքով, կոչված է նպաստելու տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: