Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները քննարկել են ՀՀ-ին ռուսական պատվաստանյութերի մատակարարումը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերի մատակարարման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նախարարները, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ փոխգործակցությանը վերաբերող հարցերից բացի, քննարկել են նաև 2021 թ. Ռուսաստանում Առողջապահական ռուս-հայկական ֆորումի անցկացումը:
Կողմերը ընդգծել են Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության բարձր մակարդակը առողջապահության բոլոր արդիական հարցերում: