Այն իշխանությունները, որոնք հանձնել են Արցախը, ինչպե՞ս պիտի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելուն կողմ լինեին
Այն իշխանությունները, որոնք հանձնել են Արցախը, ինչպե՞ս պիտի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելուն կողմ լինեին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նշենք, որ Ազգային ժողովը չի ընդունել խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը։
«Միանշանակ նրանք դա չէին անի եւ բացի այդ իրենց ղեկավարը՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւս իրենց թույլ չի տալիս ընդհանրապես Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ կամ առավել եւս Արցախի հարց բառերը գործածել։ Բնականաբար նրանք պիտի կատարեին այն հրահանգը, ինչ իրենց վերեւից իջեցվում է, եւ իրենց օրակարգում չի էլ կարող լինել Արցախի փրկության հարց, նրանք մինչեւ վերջ պիտի գնան եւ ցավոք սրտի շարժվում են ըստ իրենց օրակարգի եւ հաջողում են դրանում։ Այսինքն՝ ընդհանրապես փակել են Արցախ հասկացությունը, մի ամբողջ ազգի, որը 30 տարի համախմբված է եղել Հայաստան-Արցախ-Սփյուռք մեկ գաղափարի շուրջ Արցախ անունով, նրանք ուղղակի զրկել եւ վերացնել այդ գաղափարախոսությունը, ազգին մասնատելով ուղղակի կարողացան իրենցը տանել եւ դեռ կարողանում են անել։ Ցավալին այն է, որ մենք տեսնում ենք մոտ ապագայում իրենց սեւ գործի ավարտը»,- ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպմանը, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ հանդիպումը պետք չէր Արցախի իշխանություններին.
«Ոչ թե Արցախին անհրաժեշտ չէ, այլ Արցախի իշխանություններին, որովհետեւ մի շղթա է ստեղծվել տարիների ընթացքում, երբ աշխարհը ընտրեց իր համար իշխանություններ Հայաստանում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի, որոնց միջոցով նրանք պիտի անեին այն, ինչ արեցին եւ դեռ շարունակում են անել։ Հայաստանի իշխանություններն էլ, բնականաբար, պետք է ունենային իրենց իշխանությունները Արցախում, ինչին իրենք կարողացան հասնել 1,5 տարի առաջ, եւ ի դեմս Արայիկ Հարությունյանի՝ գտնել իրենց կամակատարներ, նաեւ ձեւական ընդդիմություն՝ իշխանության համար ընդդիմություն աշխատող, եւ Ազգային ժողովի նախագահն էլ հենց այդ իշխանության մի մասն է։ Նրանք բոլորն այդպես են պահում իրենց, ցույց են տալիս, որ իրենք դեմ են հայաստանյան իշխանությունների պահվածքին, երբեմն կարող ենք նաեւ կոշտ բառեր լսել նրանց հասցեին, բայց գալիս են այդտեղ ստրուկի դեմք ընդունած, խոնարհ հայացքով խոնարհվում Հայաստանի ապիկար, կապիտուլյանտ իշխանությունների առաջ ու անում այն, ինչ իրենց հրամայում է Նիկոլ Փաշինյանը»։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ պետք է իրարից տարանջատել Արցախի իշխանություններին Արցախում բնակվող հայերից. «Որովհետեւ այստեղ իշխանությունները շատ քիչ կողմնակիցներ ունեն, դրանք էլ այն մարդիկ են, ովքեր օգտվում են ընդհանուր կաթսայից եւ իրենց ավելի շահեկան էր այս պատերազմում մեր հազարավոր երեխաների եւ հայրենիքի կորուստը։ Այնպես որ Արցախում բնակվող ժողովուրդը որեւէ կապ չունի այդ հայտարարությունների հետ։ Հակառակը, Արցախում բնակվող յուրաքանչյուր հայ, իշխանություններին աջակցող մի քանի հարյուր հոգուց բացի, երբ նայում են ԱԺ նիստերը, ոգեւորվում են, երբ Արցախի շուրջ առողջ քննարկումներ կան, եւ հայացքները դեպի Մայր Հայաստան սպասում են, որ գոնե ինչ-որ մի ուժ կլինի ի դեմս այս ընդդիմության, որ թույլ չի տա մինչեւ վերջ իրականացնել այն սեւ գործը, որ պատրաստվում են անել այս իշխանությունները»։