Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ինտերակտիվ դաս են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են կազմակերպել Արցախի՝ շփման գծի մոտակայքում գտնվող Թաղավարդ գյուղի երեխաների համար՝ ներկայացնելով խաղաղապահ ստորաբաժանումների գլխավոր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմությունը:
Ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռազմական բժիշկներն ու սակրավորները դպրոցականներին բացատրել են մարտական գործողությունների վայրերում գտնվելու վտանգն՝ այնտեղ առկա պայթյունավտանգ առարկաների պատճառով:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեույթունը» խորագրով դասի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջին բուժօգնություն տրամադրելու հարցերին: Սակրավորները պատմել են պայթյունավտանգ առարկաների, չպայթած արկեր որոնելիս անվտանգության տեխնիկայի մասին:
Բժիշկներն, իրենց հերթին, վարպետաց դաս են կազմակերպել երեխաների համար՝ ներկայացնելով արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության հիմնական սկզբունքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։