Հովհաննես Բաչկով. Զգում եմ բոլորիդ աջակցությունը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկած ու առնվազն բրոնզե մեդալ ապահոված Հովհաննես Բաչկովը (63 կգ) երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
«Ինձ համար դեռ շարունակվում են մրցումային օրերը, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև զգում եմ բոլորիդ աջակցությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Հովհաննես Բաչկովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ:
Հայաստանի հավաքականի ավագը Տոկիո-2020-ում հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։
Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանն ու Արման Դարչինյանն ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին:
17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականն այս պահին ունի 4 մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր է դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: