«Ժողովրդի մանդատին» համապատասխան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Վերջին օրերին մեր սահմաններին՝ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Երասխում անհանգիստ է՝ թշնամին պարբերաբար դիմում է սադրանքների, որոնք, համենայնդեպս, քաղաքական, դիվանագիտական մակարդակում պատշաճ պատասխանի չեն արժանանում:
Սա այն դեպքն է, երբ արտաքին քաղաքականությունը, ինչպես որ դա սովորաբար լինում է, կապված է ներքինի հետ: Մեր հասարակության մեջ չկա տագնապ՝ այդ իրավիճակի հետ կապված, եւ իշխանությունն էլ, քանի որ նրան ոչ մի պահանջ չի ներկայացվում, «արխային» է, հարկ չի համարում որեւէ լուրջ քայլ ձեռնարկելու: Փոխարենը մեզ ուրախացնում են «եվրոպական առատաձեռնությամբ»: Ինքնին դա, անշուշտ, դրական երեւույթ է: Բայց նախ՝ 2.6 միլիարդ եվրոն, որքան էլ զարմանալի հնչի, այնքան էլ ֆանտաստիկ գումար չէ. իր տարածքները կորցրած Սաակաշվիլիին ԵՄ-ն տվել էր 7-8 անգամ ավելի շատ, բայց դա, ի վերջո, չօգնեց ո՛չ Սաակաշվիլիին, ո՛չ էլ առանձնապես Վրաստանին: Երկրորդ՝ ծրագրերը մանրամասնորեն մշակելու պարտականությունը մեր կառավարությանն է. եթե լուրջ աշխատանք չկատարվի, հենց այնպես այդ փողերը ոչ ոք չի տա: Եվ երրորդ՝ արդյոք հաշվարկա՞ծ է ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ բալանսը: Այն մարդիկ, որոնք դեռեւս աշխատում են ԱԳՆ-ում, կարո՞ղ են ազդել քաղաքականություն ձեւավորելու վրա:
Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշակ Հարությունյանը, որն իր բոլոր թերություններով հանդերձ, որոշակի կապեր ուներ ռուսաստանյան բարձրաստիճան զինվորականության շրջանակներում: Արդյո՞ք այդ համատեքստում ԱԳ նախարարի հաջող թեկնածու է Արմեն Գրիգորյանը: Ինձ թվում է, բոլոր հիմքերը կան պնդելու, որ պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո մեր պետությունը եւ առաջին հերթին՝ բանակն ու դիվանագիտությունը դեռեւս իրենց չեն վերագտել, եւ դա մեծ մասամբ պայմանավորված է ներկա իշխանության որակով:
Այստեղ գործում է, այսպես կոչված. «Դանինգի-Կրյուգերի էֆեկտը». ամերիկացի սոցիոլոգների պնդմամբ՝ որքան բարձր է ոչ կոմպետենտության մակարդակը, այնքան մեծ է սեփական անսխալականության մեջ վստահությունը: Բայց, կրկնեմ, իշխանության որակն ուղղակիորեն պայմանավորված է այն «ժողովրդով», որն այդ իշխանությունը ձեւավորել է ընտրություններին մասնակցող քաղաքացիների բացարձակ մեծամասնությամբ՝ ավելի քան 600 հազար հոգով:
Հետեւաբար, Հայաստանում տեղի ունեցող եւ տեղի ունենալիք իրադարձությունների համար պատասխանատու է ոչ միայն Փաշինյանը, այլեւ անձնապե՛ս այդ 600 հազարից յուրաքանչյուրը: Իշխանությունն աշխատում է իրեն տրված մանդատին համապատասխան. ընտրարշավի ժամանակ ՔՊ-ն խոստացել է Հայաստանի ներսում մուրճով խփել բոլոր «վատ մարդկանց» գլխներին: 600 հազար հոգին հենց դրա համար էլ ձայն են տվել ՔՊ-ին: Ընտրված իշխանությունը, հավատարիմ մնալով այդ խոստմանը, հենց դրանով էլ զբաղված է, մասնավորապես, Սյունիքի մարզում: Փաշինյանը հունիսի 20-ից առաջ չի խոստացել պահպանել մարդկանց անվտանգությունը կամ մեր սահմանները, եւ նրա ընտրազանգվածը դա չի էլ պահանջում: Կատարյալ կոնսենսուս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում