Հայաստանի պետական մարմիններն անտարբեր հետևում են գների հետ կապված կամայականություններին (Գրաֆիկ)
Հայաստանում հունիսին տարեկան ինֆլյաիան հասել է 6,5%-ի: Ողջամիտ սահմաններում, ինֆլյացիան խթան է ծառայում տնտեսության զարգացման համար: Բայց մի կարևորագույն պայմանի դեպքում` ինֆլյացիան պետք է ուղեկցվի բնակչության դրամական եկամուտների համապատասխան աճով:
Սակայն, ինֆլյացիայի ինչպիսի ողջամիտ սահմանների մասին կարելի է խոսել, երբ բազմաթիվ կարևորագույն ապրանքներ թանկացել են երկնիշ թվերով: Այս տարվա հունվար-մայիս ամիսների տվյալներով, Հայաստանում իրական միջին ամսական աշխատավարձը կրճատվել է 1%-ով: Սա միջինը՝ հաշվի առնելով վարձու աշխատողների էլիտար խմբերի աշխատավարձերը: Շարքային պրոլետարների համար գների նման բարձրացումը տառացիորեն ճակատագրական բնույթ է կրում:
Շատերին, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում է սննդամթերքի հետ կապված իրավիճակը, որի գներն աճել են ռեկորդային տեմպերով՝ հունիսին տարեկան աճը հասել է 9,0%-ի: Օրինակ՝ հացի գինը աճել է 8,1%-ով, բրնձինը՝ 12,0%-ով, խոզի մսինը՝ 25,0%-ով, թռչնամսինը՝ 17,8%-ով և այլն:
Իհարկե, հարմար է ամեն ինչ գցել արտաքին գործոնների վրա: Մանավանդ, որ աշխարհում իսկապես ագրոինֆլյացիա է դիտարկվում: Այս մասին են վկայում FAO-ի (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության) զեկույցները: Բայց բոլորին հայտնի է, որ մեր առևտրականները հակված են չարաշահել այդպիսի գործոնները՝ գների կամայական բարձրացման համար: Մեկ հոդվածում անհնար է դիտարկել բոլոր կարևորագույն ապրանքները, ուստի առայժմ կսահմանափակվենք խոզի մսով: Դրան կավելացնենք տավարի միսը, որի գների դինամիկան անկեղծ զարմանք է առաջացնում․․․
Ինչպես նշվեց վերևում, Հայաստանում խոզի միսը հունիսին թանկացել է 25,0%-ով (!): Միգուցե սա կապված է խոզերի գլխաքանակի նվազման հե՞տ: Ի վերջո, անցյալ տարի խոզերի քանակը, համեմատած նախորդ տարվա հետ, կրճատվել է 23 000 միավորով (կամ 10%-ով): Սակայն հաստատել, թե տեղի է ունեցել աղետալի անկում, ակնհայտ չափազանցություն կլիներ: Ի վերջո, 2020 թվականի ցուցանիշն, այնուամենայնիվ, գերազանցում է մյուս նախորդ տարիների ցուցանիշները (տե՛ս գծապատկերը):
Խոզ մսի պաշարներում մեծ մասնաբաժին ունի ներմուծումը՝ ավելի քան 60%: Միևնույն ժամանակ, այս ապրանքը ներմուծվում է հիմնականում Բրազիլիայից, որի մասնաբաժինը անցյալ տարի խոզի մսի ներմուծման ընդհանուր ծավալում հասել է 68%-ի (նախորդ տարում՝ 78%-ի): Ինչո՞ւ է Հայաստանը խոզի միս ներկրում 12 000 կիլոմետր հեռավորությամբ արտասահմանից: Բանն այն է, որ ներմուծման տեսանկյունից ամենաէժան մթերքը Բրազիլիայում է: Ի դեպ, 2017-ին Բրազիլիայում աղմուկ էր բարձրացել ժամկետանց մսի վաճառքի հետ կապված: Գաղտնիք չէ, որ շատ ներմուծողներ ցածր գների պատճառով փորձում են արտահանող երկրների ռազմավարական պաշարներից տարիներով պահեստավորված միս գնել:
Անցյալ տարի բրազիլական խոզի մսի միջին մաքսային գինը կազմում էր 900 դրամին համարժեք, Կանադայից՝ մեկ կիլոգրամը 800 դրամից պակաս: Ռուսաստանից ստացված մթերքը մի փոքր թանկ արժեր՝ մեկ կիլոգրամը ավելի քան 1000 դրամ, իսկ խոզի մսի ներկրման ծավալում դրա մասնաբաժինը կազմում էր ընդամենը 10%:
Եթե բրազիլական խոզի միսը առկա էր մանրածախ առեւտրում, ապա դրա գինը (հաշվի առնելով մաքսատուրքերը, տրանսպորտային ծախսերը Հայաստանի տարածքում, ներկրողների շահույթները և մանրածախ առևտրի գների հավելումները) չէր գերազանցի 1 կիլոգրամի համար 1800 դրամը: Պատկերացնենք, որ ընթացիկ տարում խոզի մսի միջին մաքսային գինն աճել է 50%-ով: Բայց նույնիսկ այս դեպքում դրա մանրածախ գինը կհասներ «ընդամենը» 2600 դրամի, ինչը զգալիորեն ցածր է մեր սուպերմարկետների և խանութների գներից:
Հասկանալի է, որ այս ապրանքը ներմուծվում է սառեցված վիճակում: Ներմուծված սառեցված խոզի միսը հիմնականում օգտագործվում է որպես երշիկեղեն և ապխտած միս արտադրելու հումք: Վաճառվո՞ւմ է արդյոք այն մանրածախ, հալեցված, թարմի անվան տակ: Այս հարցին կարող են պատասխանել հենց վաճառականները: Սկզբունքորեն այսպիսի պրակտիկան նշանակում է գնորդներին սովորական խաբեություն:
Պակաս զարմանալի չեն մետամորֆոզները մեկ այլ տեսակի` տավարի մսի հետ կապված: Պաշտոնական վիճակագրության համաձայն, տավարի մսի գները հունիսին մեկ տարվա ընթացքում նվազել են 1,5%-ով: Ընդ որում, նման նվազումներ «դիտարկվում» են ինչպես տարեսկզբից, այնպես էլ նախորդ տարվա մի քանի ամիսներից: Մեր շատ հաճախորդներ կուրախանան նման տեղաշարժերով` այլ ապրանքների ընդհանուր գների բարձրացման պայմաններում: Եթե, իհարկե, հավատան պաշտոնական թվերին:
Ինչպես հայտնի է, որևէ ապրանքի գների բարձրացման դեպքում սպառողների պահանջարկի մի մասն անցնում է դրա հետ փոխարինելի ապրանքին: Այդ ժամանակ փոխարինելի ապրանքը նույնպես սկսում է թանկանալ: Մեր դեպքում, խոզի մսի և թռչնամսի գների բարձրացման ֆոնին պետք էր սպասել տավարի մսի գների բարձրացում: Բայց ներքին վիճակագրությունն ամբողջությամբ հերքում է դասական տնտեսական տեսությունը:
Անասնաբուծությանը բնորոշ է իներցիան՝ ի տարբերություն արդյունաբերական արտադրության: Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) 99%-ից ավելին պատկանում է անհատական գյուղացիական տնտեսություններին, այդ թվում՝ նաեւ հատկապես գյուղացիական տնտեսություններին: Ինչպես կարելի է ենթադրել, մեկ անասնապահական ֆերմայում միջին հաշվով կա 1-2 կով, երբեմն՝ հորթերով: Այն ավելի շուտ ավանդական գյուղացիական տնտեսություն է՝ աշխատանքի արխաիկ վարմամբ: Հետևաբար, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մասին խոսելը, որն ունակ է անասունների գլխաքանակի կտրուկ ավելացման, ակնհայտ չափազանցություն կլինի: Բայց պաշտոնական վիճակագրությունը հերթական անակնկալը մատուցեց (տե՛ս ներքոնշյալ գծապատկերը):
Անցած տարի խոշոր եղջերավոր անասունների այս «զարմանալի» թռիչքը (որը կոպտորեն խախտում է թրենդի տրամաբանական շարունակությունը) բավականին հիմնավոր կասկածների տեղիք է տալիս: Ավելին, կենդանի խոշոր եղջերավոր անասունների արտահանումն անցած տարի չի դանդաղել, այլ, ընդհակառակը, աճել է 2,4 հազար գլխով (կամ 22,4%-ով): Մնում է միայն զարմանալ այն ներմուծողների հերոսական ջանքերով, որոնք կարողացել են համավարակի թեժ շրջանում գրեթե 13 000 ԽԵԱ տեղափոխել Իրաք: Ի վերջո, դրանք զուգարանի թղթի կոմպակտ տուփեր չեն, այլ կենդանի կենդանիներ:
Հարցը միայն այն չէ, որ անասնապահությունը ԽԵԱ-ի գծով նման կորուստներ է ունեցել: Որոշ տվյալներով՝ Իրաք արտահանվել են ոչ թե ցլիկներ, այլ կովեր: Ուստի վնասը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ բաց թողած հնարավորությունները՝ խոշոր եղջերավոր անասունների ընդլայնված վերարտադրությունը:
Ներմուծողների նյութապաշտական շահերը հասկանալի են: Ահա թե ինչու են ֆերմերները զանգվածային կերպով ազատվում կովերից, միևնույն ժամանակ՝ ապագա սերունդներից և թարմ բնական կաթ ստանալու հնարավորությունից: Պատասխանը պարզ է՝ անասնաբույծները ազատվում են հավերժական գլխացավանքից՝ կերի գնման խնդիրներից և անասունների հիվանդությունների վտանգից:
Մի ֆերմերի խոսքով՝ մեկ ձմռան համար միայն մեկ կովի համար պահանջվում է 130-150 կապոց խոտ կամ անասնակեր խոտեր, յուրաքանչյուրը 18-20 կիլոգրամ քաշով: Տեղեկատվության համաձայն, Գեղարքունիքում (Հայաստանի անասնապահական առաջատար մարզ) նախորդ շաբաթ նման կապոցի գինը թռել է մինչեւ 2000 դրամ...
Այսպիսով, երկու տեսակի միս, և յուրաքանչյուրն իր խնդիրներով: Խոզի մսի կտրուկ թանկացումը պետական կարգավորողի պարզաբանումներ է պահանջում: Դե իսկ խոշոր եղջերավոր անասունների դեպքում կասկածներ են հարուցում ինչպես տավարի մսի գների «անկումը», այնպես էլ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի «անբացատրելի» աճը: Տավարի գները կարելի է համեմատել սեղմված զսպանակի հետ, որը շուտով կբացվի, նույնիսկ դրա պաշտոնական տարբերակում:
Եւ այսպես, կարելի է միայն արձանագրել, որ Հայաստանի պետական մարմիններն անտարբեր հետեւում են գների հետ կապված կամայականություններին: Ամեն դեպքում, միայն Կենտրոնական բանկն է արձագանքել հաշվարկային դրույքի բարձրացմամբ ինֆլյացիային, որպեսզի ինչ-որ կերպ զսպի գների հետագա աճը:
Սմբատ Գրիգորյան