Նոր փոփոխություն՝ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման կարգում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման համար տարեկան պետական տուրքը կփոխարինվի մեկանգամյա տուրքով:
Ավելին՝ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելը երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք չի հանդիսանա: Բանն այն է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգում 2020 թվականին կատարված փոփոխության համաձայն՝ երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանվել է 10 տարի՝ նախկին միկրոավտոբուսների 15 տարվա և ավտոբուսների տարիքային սահմանափակում չլինելու փոխարեն, հետևաբար փոխադրողները պետք է մեծ ծավալի ներդրումներ անեն և թարմացնեն տրանսպորտային պարկը։
Այս ամենի արդյունքում կբարձրանան տրանսպորտային միջոցների գույքահարկի մասով ծախսերը։ Փոխադրողների ֆինանսական ծախսերը փոքր-ինչ մեղմելու նպատակով առաջարկվում է պետական տուրքի տարեկան վճարումը փոխարինել մեկանգամյայով: Այս մասին որոշման նախագիծը քննարկման է դրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը պետք է վաղուց ներդրած լիներ միասնական երթուղային ցանց:
Ինչպես տեսնում եք, միասնական երթուղային ցանցի մասին արդեն մի քանի տարի է՝ միայն խոսվում է, ոչինչ ավելին. «մահաբեր գազելները» շարունակում են գործել: Հուսանք՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած կառույցը ձևական չի մտահոգվում ուղևորափոխադրողների մասին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։