Ադրբեջանի նախկին արտգործնախարարը պահանջում է մեկուսացնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպաններին
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն իր վերաբերմունքն է հայտնել նրան, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի կառավարության հրավերը եւ հրաժարվել են մեկնել Շուշի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մինսկի խումբը վերջնականապես մեռավ... 3 պետությունների դեսպանները պետք է պաշտոնական եւ հանրային մեկուսացման ենթարկվեն (չընդունել նրանց եւ չընդունել որեւէ միջոցառմանը նրանց հրավերները), քանի դեռ նրանք չեն գնացել Շուշա: Յուրաքանչյուր ոք, ով կխախտի այս կանոնը, ենթարկել քննադատության լրատվամիջոցներում»,- Facebook-ի իր էջին գրել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները հրաժարվել են մասնակցել Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված դիվանագետների այցին: