Վրաստանի ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը. ակցիայի մասնակիցները «արյան հետքերով» հագուստներով հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ
Վրաստանի ընդդիմությունը հավաքվել է երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով կառավարության հրաժարականը, հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան գրավել են ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և լրագրողները, որոնք իշխանություններին մեղադրում են վրացական TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան համար: Հայտնի է, որ այսօր իր տանը մահացած է հայտնաբերվել Լաշկարավան, որը հուլիսի 5-ին դաժան հարձակման էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի երթի դեմ հանդես եկող քաղաքացիների ցույցի ժամանակ: Աղբյուրը նկատում է, որ օպերատորի մահը ցնցել է Վրաստանը:
Երկրի առաջին դեմքերը պաշտոնական ցավակցություն են հայտնել նրա ընտանիքին և խոստացել օբյեկտիվ հետաքննություն, մինչդեռ ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին հուլիսի 5-ին անգործության համար, երբ քաղաքը խառնաշփոթի մեջ էր և վիրավորվել էր ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչ:
Այսօրվա ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի դիմաց: Կարգախոսների հիմնական մասը կառավարության հրաժարականի վերաբերյալ է: Ակցիայի խորհրդանիշն արյունն է՝ ի նշան համերաշխության այն լրագրողների հետ, որոնք վիրավորվել են հուլիսի հինգին: Շատերը գալիս են կարմիր ներկով ծածկված վերնաշապիկներով:
Ռուսթավելի պողոտան արգելափակված է: Կառուցվել է բեմ, տեղադրվել են բարձրախոսներ: Կան բազմաթիվ երիտասարդներ, ընդդիմության առաջնորդներ, ընդդիմադիր հեռուստաընկերությունների ղեկավարներ, ակցիայի մասնակից են նաև լրագրողները: Ոստիկանությունը մոբիլիզացվել է, ոմանք կանգնած են քրիստոնեական խաչի առջև, որը վերջերս այդտեղ են տեղադրել ԼԳԲՏ անձանց հակառակորդները՝ որպես ավանդական արժեքների պաշտպանության խորհրդանիշ:
Ոստիկանական ուժերը մոբիլիզացված են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի առջև և խորհրդարանի շենքի դիմաց:
«Մենք կոչ ենք անում ցուցարարներին դուրս չգալ հավաքների և խոսքի ազատության մասին օրենքով թույլատրված սահմաններից: Միևնույն ժամանակ, մենք նախազգուշացնում ենք ակցիայի կազմակերպիչներին՝ չանել բռնության կոչեր և ապահովել, որ գործողությունները չվերածվեն բռնության», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:
Խորհրդարանի առջև հանրահավաքից առաջ իշխող կուսակցության գրասենյակի դիմաց բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: