Աֆղանստանից զորքը դուրս բերելով՝ ԱՄՆ-ն դե ֆակտո ընդունել է իր 20-ամյա առաքելության ձախողումը. Լավրով
Վաշինգտոնը, զորքերը դուրս բերելով Աֆղանստանից, և Քաբուլը, չցանկանալով «Թալիբան» շարժման հետ անցումային կառավարություն կազմել, թողնում են, որ երկրում առկա հակամարտությունը լուծվի ուժային ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ հինգշաբթի ելույթ ունենալով Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային համալսարանում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Թալիբներն իրենց ավելի ռազմաշունչ են պահում, քանի որ այդ համաձայնությունը ենթադրում էր անցումային իշխանության ձևավորում, որը հետագայում կպատրաստեր ավելի կայուն պետական կառույցների ձևավորման պայմանները: Ցավոք, Քաբուլի ղեկավարներն այնքան էլ պատրաստ չեն ինչ-որ անցումային բան կազմակերպել, նրանք վախենում են, որ դա կհանգեցնի քաղաքական ակտիվ գործունեությունից իրենց դուրսբերմանը: Ստացվում է, որ և՛ նրանք, և՛ ամերիկացիները, հեռանալով այնտեղից, թողնում են, որ ամբողջ իրավիճակն ուժային ճանապարհով լուծվի»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
«ԱՄՆ-ն ոչ միայն զորքերն է դուրս բերում Աֆղանստանից, այլ հետ է քաշում դրանք՝ դե-ֆակտո ընդունելով իր քսանամյա առաքելության ձախողումը»,- հավելել է նախարարը:
Նա նշել է, որ ահաբեկչական և թմրանյութերի սպառնալիքները, 2001 թվականին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից գործողության սկսվելուց հետո, բազմապատիկ աճել են: «Ավելին, Արևմուտքում կան նույնիսկ նյութեր, որոնք մատնանշում են հավանականությունը, որ ամերիկացի զինծառայողները մասնակցել են թմրանյութերի բեռների տեղափոխմանը»,-նշել է Լավրովը:
Սպասվում է, որ ամերիկյան զորակազմը Աֆղանստանից կհեռանա մինչև սեպտեմբերի 11-ը: