Բաքվում անցկացվում են ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժությունները
Համաձայն Ադրբեջանական Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ կնքված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ հունիսի 28-ից Բաքվում սկսվել են համատեղ մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ։
Զորավարժությունները կրում են ինքնին խոսուն անվանում՝ «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք – 2021»։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի եւ թուրք զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակը երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է մարտական գործողությունների անցկացման ժամանակ, հրամանատարների՝ ռազմական որոշումներ կայացնելու եւ ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը։
Զորավարժություններում, որոնք տեւելու են մինչեւ հունիսի 30-ը, գործի են դրվել 600 մարդ, 40 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 20 հրետանային սարքավորում եւ տարբեր տրամաչափի ականանետեր, 7 մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, 50 միավոր ավտոմեքենա։