«Ժողովրդի հաղթանակը» և իրականությունը. «Առավոտ»
««Ժողովուրդը» հրճված է ընտրություններում տարած իր «փայլուն հաղթանակով»՝ նրան հաջողվել է «չոքըցնել», «կզըցնել» և նման այլ բազմաթիվ գործողություններ անել Փաշինյանի բոլոր «չուզողներին», այդ թվում՝ նզովյալ մտավորականներին: «Ժողովուրդը» կարող է ուրախանալ, թմբուկ զարկել, տալ վարչապետին «պողպատե մանդատը», «արդարադատության սուրը», որպեսզի նա իրականացնի վենդետա, վեթինգ, լյուստրացիա և այլն: Շնորհավորում եմ բոլոր ուրախացողներին: Սա իրականության «պայծառ» կողմն է:
Հիմա դառնանք «ստվերային կողմին»: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվում են առնվազն 1000 ադրբեջանցի զինծառայողներ: Նրանք հեռացա՞ն «ժողովրդի հաղթանակի» հետևանքով: Բաքվում ծանրագույն հոդվածներով դատվում են մեր ռազմագերիները: Նրանք վերադարձա՞ն Հայաստան՝ մեր երկրում «վատ» մարդկանց «կզըցնելու» շնորհիվ: Հասկանում եմ, որ «ժողովրդին» այդ հարցերը չեն հետաքրքրում: Համենայնդեպս՝ արձանագրեմ պատմության համար:
Իրական կյանքով հետաքրքրվող ընթերցողներին հիշեցնեմ նաև, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն այս շաբաթվա ընթացքում ակտիվ շփումներ է ունեցել Ալիևի և Էրդողանի հետ: Հասկանալի է, որ նրանց խոսակցությունների առանցքային թեման էին Հայաստանի հետ կապված խնդիրները: Այդ առիթով պարզապես թվարկեմ, թե ինչ են Թուրքիան և Ադրբեջանը մեզանից՝ որպես պատերազմում պարտված կողմ, պահանջում: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը, որը ենթադրում է Արցախի ճանաչումը` որպես այդ երկրի անբաժանելի մաս, Թուրքիայի ամբողջականության ճանաչումը՝ Կարսի պայմանագրի վերահաստատմամբ, միջանցք այդ երկու երկրների միջև՝ Հայաստանի Սյունիքի մարզով, որը չի վերահսկվի մեր կողմից, միջազգային ատյաններում և միջազգային հարաբերություններում Ցեղասպանության խնդրի հետապնդումից հրաժարվելը:
Ռուսաստանը, որքան հասկանում եմ, դեմ չէ այդ պահանջներին և ակտիվ միջնորդական ջանքեր է կիրառում՝ այդ ծրագրերն իրականացնելու համար՝ գուցե սեփական ինչ-որ շտկումներով և հավելումներով: Չգիտեմ, թե որքանով է Հայաստանը ներգրավված այս ամբողջ գործընթացի մեջ. վստահաբար կարելի է ասել, որ մեր երկրի խաղաթղթերն այս առումով վատն են՝ մեր բանակն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի սահմանները, և դրա համար պետք է հատուկ շնորհակալություն ասել «հաղթած ժողովրդի» իշխանությանը:
Մյուս կողմից՝ պարզ է, որ պետք է խաղալ նաև վատ խաղաքարտերով: Դրա համար նախևառաջ պետք է ունենալ արտգործնախարարություն, ու, բացի այդ, պետության առաջին դեմքը պետք է հաշվի նստի այդ կառույցում աշխատող մասնագետների հետ: Բայց մի՛ մոռացեք՝ բոլոր տեսակի մասնագետներն ու «փտած աչկարիկները» այս ընտրություններում պարտվել են «ժողովրդին», և ստացվում է, որ նրանց կարծիքը կարելի է և չհարցնել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։