Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հավատում է, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ եզրահանգումներ կանի
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանի իշխանություններին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ճիշտ եզրակացություններ անել տեղի ունեցած քաղաքական ճգնաժամից։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով APA-ին։
«Երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սպասվում է նոր կառավարության ձեւավորում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի կառավարությունը կուսումնասիրի ճգնաժամի պատճառները եւ դրանից ճիշտ եզրահանգումներ կանի»,- ասել է նա Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Մուխթար Տլեուբերդիի հետ բանակցություններից հետո։
Ադրբեջանցի նախարարը անհամաձայնություն է հայտնել այն կարծիքի հետ, թե Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը դարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում վերջերս կրած պարտության հետեւանքը։ «Ճգնաժամն այդ երկրում պայմանավորված է միջազգային իրավունքի տասնամյակների խախտումներով եւ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների ուժային խախտմամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ Ընդ որում, նրա խոսքով՝ Բաքվում նախկինի պես հավատարիմ են Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը։ «Հայաստանի որոշումն այս հարցով իրենց սեփական ընտրությունն է»,- ավելացրել է Բայրամովը։