Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանց. ինչպես են պատկերացնում ապագան քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը երեկ ներկայացրել էր, թե անվտանգության հարցերի կարգավորումն ինչպես են տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերից ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Այս անգամ կանդրադառնանք արտաքին քաղաքականության ոլորտին:
Այսպիսով՝ ՔՊ ծրագրում հատուկ ընդգծված է այս հատվածը. «Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար:
Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով»։ Նախընտրական ծրագրում լայն անդրադարձ է կատարված տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացման տեսլականին, սակայն միայն ցանկությունների մակարդակով է նշված, թե բարելավելու են, բայց թե ինչպես, ոչ մի քայլ նշված չէ:
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրում հանդիպում ենք այսպիսի բովանդակության. «Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային և անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում և եղանակներով Հայաստանի և հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է»: Ծրագրում անդրադարձ կա հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ հնարավորություններին և Իրանի ու Վրաստանի հետ հարաբերություններին:
Իսկ, ահա, «Հայաստան» դաշինքում կարդում ենք. «Հայաստանը կարող է դառնալ կոմունիկացիաների հատման տարածաշրջանային կենտրոն, տարանցիկ երկիր, որը կկապի Սև Ծովի և Պարսից ծոցի երկրները, ինչպես նաև վերականգնվող նոր Մետաքսի ճանապարհը»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։