ԱՄՆ-ն սպառնացել է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների դեպքում
ԱՄՆ-ն կարող է միջոցներ ձեռնարկել, եթե Ռուսաստանը սկսի գործել ագրեսիվ կամ ոչ խելամիտ կերպով ԱՄՆ-ի կամ դրա դաշնակիցների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք կգերադասեինք ունենալ կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ: Մենք հստակ հասկացրել ենք դա: Սակայն մենք նաեւ հասկացրել ենք, որ, եթե Ռուսաստանը որոշի գործել ագրեսիվ կամ ոչ խելամիտ կերպով մեր կամ մեր դաշնակիցների ու գործընկերների նկատմամբ, մենք կձեռնարկենք պատասխան միջոցներ»,-ասել է Բլինքենը՝ պատասխանելով ամերիկյան ընկերությունների վրա վերջերս կատարված կիբերհարձակումների մասին հարցին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ DarkSide խմբավորման հաքերները կոտրել են Colonial Pipeline ամերիկյան խողովակատար ընկերության համակարգերը: Ամերիկյան հատուկ ծառայությունների կարծիքով՝ խմբավորումը տեղակայված է Ռուսաստանի կամ Արեւելյան Եվրոպայի տարածքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «անհեթեթություն» է անվանել այդ պահանջներն ու ենթադրել է, որ դրանք սադրանքներ են հունիսի 16-ին Ժնեւում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման նախօրեին տաարաձայնություններ հրահրելու համար: