Անկարան ունի հեռուն գնացող աշխարհառազմավարական նպատակներ, այդ թվում՝ Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից. Սաֆրաստյան
Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը ցանկացած եռակողմ ձևաչափին աջակցելու պատրաստակամության մասին՝ ներառյալ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափը, պետք է դիտարկվի նրա հայտարարության առաջին մասի հետ միասին, որում նա ասում է, որ ակտիվորեն սատարելու է վաղուց ձևավորված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափը:
Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նման ձեւաչափը, ըստ նրա, նպատակ ունի թուլացնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում եւ, համապատասխանաբար, մեծացնել Թուրքիայի ազդեցությունը: «Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափը նախ ենթադրում էր տնտեսական փոխգործակցություն, այնուհետեւ տեղափոխվեց քաղաքական հարթություն, իսկ վերջերս տեսնում ենք նաեւ ռազմական հարթությունը: Տարածաշրջանում Ռուսաստանի դերի թուլացման տրամաբանության մեջ տեղավորվում է նաեւ Էրդողանի հայտարարությունը Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափին աջակցելու պատրաստակամության մասին:
Սա խոսում է այն մասին, որ Անկարան ունի հեռուն գնացող աշխարհառազմավարական նպատակներ, այդ թվում՝ Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից, որպեսզի Թուրքիան դառնա Հարավային Կովկասում Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ինտեգրացիոն գործընթացները կարգավորող գլխավոր ուժը: Անկարայի առաջարկած երկու ձեւաչափերը տարածաշրջանից Մոսկվան դուրս մղելու մեկ ծրագրի երկու փուլեր են», - հավելել է նա:
Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, Սաֆրաստյանի կարծիքով՝ այսօր Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափն իրականում անիրականանալի է` հաշվի առնելով Բաքվի թշնամական քաղաքականությունը Երեւանի նկատմամբ, որին սատարում է Թուրքիան: «Հետեւաբար, սա զուտ քարոզչական հայտարարություն է, ոչ ավելին», - եզրափակել է փորձագետը: Հիշեցնենք, որ Էրդողանը վերջերս հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա: