Թրամփի հաղորդակցության հարթակն ընդմիշտ փակվել է
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդակցության հարթակն ընդմիշտ փակվել է, հայտնում է BBC լրատվականը՝ վկայակոչելով նրա ավագ օգնական Ջեյսոն Միլլերին։
«Դոնալդ Թրամփի գրասեղանից» (From the Desk of Donald J Trump) հարթակը, որը գործարկվել էր անցյալ ամիս, ծառայում էր որպես նախագահի մամուլի հաղորդագրությունների և տեսանյութերի տարածման հարթակ: Այն բացվել էր սոցիալական կայքերում Թրամփի հաշիվների արգելափակումից հետո։ Միլլերը նշել է, որ սա սոցիալական կայքեր վերադառնալուն նախորդող քայլ է, սակայն հայտնի չէ, թե երբ և ինչպես։
Հիշեցնենք, որ Կապիտոլիումի վրա իրականացված հարձակումից հետո Դոնալդ Թրամփի անձնական հաշիվներն արգելափակվել էին՝ հարձակման դրդելու մեղադրանքով։ Twitter-ը հայտնել էր նախկին նախագահի հաշիվն ընդմիշտ արգելափակելու մասին, իսկ Facebook-ի վերստուգիչ խորհուրդը 6 ամիս հետո վերանայելու է արգելափակման մասին որոշումը։ YouTube-ը, իր հերթին, հայտնել է, որ Թրամփի հաշիվը վերստին կգործարկվի՝ «իրական բռնության» սպառնալիքի նվազման դեպքում։